Մատչելիության հղումներ

Հայրիկյան. «Ազգային կազմակերպությունը ազգային պետությունն է»


«Ազգային ինքնորոշում» միավորվման նախագահ Պարույր Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում» միավորվման նախագահ Պարույր Հայրիկյան
«Ազգի բնականոն ապրելակերպը անկախ պետությունն է», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառանալով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձին, հայտարարեց խորհրդային շրջանի այլախոհ գործիչ, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Երբ շատ մարդիկ, ցավոք սրտի, հաճախ անիրազեկներ, խոսում են ազգային կազմակերպություն ստեղծելու կամ ազգային գաղափարախոսություն մասին, նրանք պետք է իմանան, որ ազգային կազմակերպությունը ազգային պետությունն է, իսկ ազգային գաղափարախոսության հիմնադրույթները ամփոփվում են արդեն կայացած ազգային պետության Սահմանադրության մեջ: Դա հիմնական ձեռքբերումն է, որ 1990 թվականի օգոստոսի 23-ով մեր ազգային քաղաքական կյանքում սկիզբ առավ», - ասաց Հայրիկյանը:

Ինչպես հայտնի է, ուղիղ 21 տարի առաջ այս օրը` օգոստոսի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հայրիկյանը նշեց, թե չնայած Անկախության հռչակագիրը Հայաստանի սահմանադրության հիմքն է կազմում, սակայն գրեթե ցանկացած ոք գիտի` «այն մասով, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, դեռ շատ անելիքներ կան»:

«Երբ ազգային ներուժը նվազեցվում է, դա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար, իսկ ազգային ներուժը կատարելապես դրսեւորվում է այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները իրենից կախվածը առավելագույնս տալիս են իրենց ժողովրդին, իրենց պետությանը: Այսինքն երբ քաղաքացին իրեն երկրի տեր է զգում, ինքը նաեւ պարտավոր է զգում պաշտպանել այդ տունը: Քաղաքացիների մի զգալի մասը իրեն երբեք էլ չի զգում [երկրի տեր], որովհետեւ գիտի, որ ինքը ընդամենը 5000 դրամով (կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս) իր ձայնը վաճառել է, եւ այդ ձայնը ոչ մի նշանակություն չունի», - ասաց Հայրիկյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991-1993 թվականներին Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Մանուչարյանի կարծիքով էլ երկու տասնամյակ առաջ Անկախության հռչակագրի ընդունման վերաբերյալ որոշումը ընդունել է բոլորովին «ուրիշ երկիր եւ ուրիշ ժողովուրդ»:

«Անկախությունը ազատության պայմանն է: Մարդ ձգտում է ազատության, որպեսզի ավելի կատարյալ դառնա: Այս 20 տարվա ընթացքում այդ երազանքը, ըստ էության, ի սպառ կորսված է ժողովրդի ճնշող մեծամասնության համար, որովհետեւ ինչ-որ կատարվեց, դրա ուղիղ ոտնահարումն էր: Բայց նաեւ կա մի հատված, որը պահպանում է անկախության իդեալը, բայց ոչ որպես աբստրակտ մի բան, այլ շատ կոնկրետ մի բան` որպես մարդկային որակը ավելի կատարելագործված դարձնելու, իսկ դրանով նաեւ երկիրը, աշխարհը ավելի կատարյալ դարձնելու գործոն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուչարյանը:

Խորհրդային տարիների այլախոհ, հայտնի իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Հայաստանի անկախությունը եւ միջազգային հանրության անդամ լինելը բնորոշեց որպես «շատ նշանակալի ձեռքբերում», սակայն նաեւ ասաց, թե անկախությանը սպառնացող վտանգներն է տեսնում. - «Անկախությանը սպառնացող մեծագույն վտանգը այս վերջին տարիներին այն է, որ մարդիկ` հատկապես իշխանավորները սկսել են բավարարվել անկախության արտաքին, իմիտացիոն [կողմերով]: Իրականում անկախ քաղաքականություն չի վարվում, անկախ տնտեսական քաղաքականություն չի վարվում, երկիրը ժողովրդավարացման չի տարվում», - ասաց Հարությունյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ով խորհրդային տարիներին Հայաստանի անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցության անդամներից է եղել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Այսօր մենք անկախ պետություն ենք: Այս 21 տարվա ընթացքում, բնականաբար, կայացման պրոցես է գնացել, հեշտ չի անցել այդ ճանապարհը եւ հիմա էլ հեշտ չի: Ժողովրդավարական, անկախ պետություն լինելը դեռ չի նշանակում, որ մենք տնտեսապես հզոր ենք, որ բոլոր սոցիալական խնդիրները լուծել ենք, որ սոցիալական արդարությունը պատշաճ մակարդակի է: Դրանք դեռեւս կայացման պրոցեսում են»:
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG