Մատչելիության հղումներ

Հայկական եկեղեցում անհարգալից պահվածքի համար վրացի երիտասարդները բերման են ենթարկվել


Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի
Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանից ստացած դիմումի հիման վրա, ըստ որի օգոստոսի 19-ին ազգությամբ վրացի 2 երիտասարդներ, անսթափ վիճակում մտել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հատկապես նրանցից մեկը ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայկական եկեղեցու նկատմամբ:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրությում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ եկեղեցու հավաքարարն ու մոմավաճառը չեն կարողացել կանխել երիտասարդների գործողությունները:

«Մոտենում է խորանի առջեւ դրված ավետարանին, թերթում է դա շատ դեմոնստրատիվ եւ արհամարհական կերպով եւ պատռում թերթերից մեկը: Հետո փորձում է մուտք գործել քահանաների սենյակ: Այդ ագրեսիվ երիտասարդը ոտքը դնում է գահի վրա, նստում», - պատմեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմի առաջնորդը նաեւ նշեց, որ երիտասարդներն անհարգալից խոսքեր են ասել հայ եկեղեցու եւ հայության հասցեին: Եկեղեցուց դուրս գալիս նրանք պատռել են եկեղեցու դռներին փակցված հայտարարության թերթիկները եւ ցուցադրաբար այրել դրանք: Մինչ տարածքում աշխատող շինարարները կմոտենային, երիտասարդները նստել են ավտոմեքենա եւ հեռացել:

Վրաստանի ոստիկանությունը արդեն սկսել է քննչական գործողություններ իրականացնել: Երիտասարդներին բերման են ենթարկել: Եկեղեցու աշխատակիցներն ու ականատեսները ցուցմունքներ են տվել: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ այժմ արդյունքների են սպասում:

«Մենք, ճիշտն ասած, կողմ չենք, որ այդ երիտասարդները դատվեն: Դրա կարիքը գուցե չկա: Բայց ուղղակի` ինչ-որ պետք է, թող իրենք իրենց պատիժը ստանան, որ մյուսներին էլ դաս լինի», - նշեց նա:

Վիրահայոց թեմի առաջնորդը այս միջադեպը կապում է Վրաստանում ամռան սկզբից խորացող հակահայկական տրամադրությունների հետ: Դրանք սկիզբ առան, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Վրաստան, եւ առավել խորացան, երբ Վրաստանի խորհրդարանը հայանպաստ օրենք ընդունեց:

Հոգեւոր առաջնորդը տագնապ է հայտնում, թե հակահայկական տրամադրությունները ծայրահեղության են հասել հասարակության շրջանակներում: Նույնիսկ Վրաստանի պաշտոնական մակարդակներում վերաբերմունքի փոփոխություն կա հայերի նկատմամբ:

«Երկու ամիս առաջ շատ վրացիներ գալիս, կանգնում, խաչ էին հանում մեր եկեղեցու առջեւ: Խնդիր չկար: Ինչ, որ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այս վերջին 1.5-2 ամիսների ընթացքում», - նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմի առաջնորդը հավաստիացրեց, որ հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ հարաբերությունները չեն սառեցվել, շարունակում են բանակցություններ վարել դեռ ամռան սկզբին Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում սկսված քննարկումների շուրջ: Վազգեն եպիսկոպոսը, սակայն, մտահոգված է, որ վրացական լրատվամիջոցները եւս հակահայկական քարոզչություն են իրականացնում. - «Մենք լուր ունենք, որ Վրաստանում հայության լավը չցանկացող որոշ ուժեր` գուցե ոչ վրացի, ուզում են օգտվել այդ պահից եւ իրենց վատությունը անել հայությանը», - ասաց հոգեւոր առաջնորդը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG