Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ուսումնասիրում են Երեւանի օտարված տարածքների նախադեպը


Քաղաքագետ Արիֆ Յունուս

Քաղաքագետ Արիֆ Յունուս

Բաքվի կենտրոնում գտնվող «Խաղաղության եւ Ժողովրդավարության» ինստիտուտի շենքը քանդելու գործով բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելուց առաջ իրավապաշտպան այս կազմակերպության փաստաբաններն ուսումնասիրում են Երեւանի օտարված տարածքների նախադեպը։ Այս մասին Disput.az ինտերնետային ֆորումում գրել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսը՝ ով ադրբեջանական հեղինակավոր այդ իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներից է եւ իրենց գրասենյակի շենքի հիմնահատակ ավերումը համարում է Ադրբեջանի իշխանությունների վրեժխնդրության դրսեւորում։

Մասնավորապես, ադրբեջանցի փաստաբաններն ուսումնասիրում են Երեւանի Բուզանդի փողոցի 9 տան բնակիչների գործը։ Սա այն բողոքն էր, որը Եվրադատարանը հունիսին բավարարեց՝ վճիռ է կայացնելով ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը տան նախկին բնակիչներ Նելի Մինասյանին եւ Ելենա Սեմերջյանին 12 հազար եվրոյի փոխհատուցում տալ։ Թեեւ փոխհատուցումը նրանց պահանջած գումարի համեմատ չնչին էր. տան նախկին բնակիչները 200 հազար եվրոյի պահանջ էին ներկայացրել։

Քաղաքագետ Արիֆ Յունուսը ֆորումում գրել է, որ ուսումնասիրում են Երեւանի օտարված գոտիների նախկին բնակիչների գործերը, որպեսզի իրենց գործով բողոքը կազմելիս թույլ չտան այն սխալներն ու թերացումները, որոնք թերեւս թույլ են տվել հայաստանցի փաստաբանները եւ ոչ բոլոր դեպքերում են կարողացել Եվրադատարանում հաջողությունների հասնել։

Արիֆ Յունուսի հիմնադրած «Խաղաղության եւ Ժողովրդավարության» ինստիտուտի շենքը անցած տարեսկզբին էր հայտնվել Բաքվի իրացման գոտում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բարձրահարկ շենքեր կառուցել։ Եվ թեեւ կազմակերպությունը դատական կարգով կասեցրել էր շենքի ապամոնտաժման գործընթացը, օգոստոսի 11-ի ուշ երեկոյան շենքն անսպասելիորեն քանդեցին։ Արիֆ Յունուսը անմիջական կապ է տեսնում կատարվածի եւ իրենց վերջին շրջանի գործունեության միջեւ, քանի որ ինքն ու կինը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, հանդես էին գալիս Բաքվի կենտրոնում իրացման տարածքներից մարդկանց բռնի վտարումների դեմ։

Հայաստանցի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, ով անձամբ ծանոթ է Արիֆ Յունուսին եւ նրա գործունեությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դա քաղաքական հաշվեհարդար է։

«Արիֆ Յունուսը առաջին հասարակական գործունեություն ծառայող մարդը չէ, որի վրա իշխանությունները հարձակում են կատարում` մինչեւ այդ եղել այլ մարդիկ` բլոգերները, Էմիր Հուսեյնովը, Էլդար Զեյնալովը... Նրանք պատմում են, որի իրենց վիճակը շատ լուրջ է եւ շատ դժվար», - նշեց Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG