Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պատգամավոր. «Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ճանաչում գտնելու միջազգային հանրության կողմից»


Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում:

«Արդյո՞ք մեկ դար հետո մի դիկտատորի քմահաճույքով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետք է դարձյալ դժվարություններ ունենա` ապրելու այս հողի վրա, որն իրենն է», - ղարաբաղցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ երկուշաբթի օրը այսպիսի խոսքերով սկսեց իր ելույթը Ստեփանակերտում Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ Գի Տեսիեն:

«Ինչո՞ւ պետք է լռեինք եւ չխոսեինք այն մասին, որ այս տարածքում իրավունք ունեն ապրելու այն մարդիկ, ովքեր պատմականորեն շատ խորը արմատներ ունեն այստեղ», - շարունակեց ֆրանսիացի պատգամավորը, ով Լեռնային Ղարաբաղ է ժամանել իր երեք գործընկերների հետ` «մոտիկից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղին, ավելի լավ պատկերացում կազմելու հակամարտության մասին»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն:

«Հայաստան այցելելով` մենք ցույց ենք տալիս մեր բարեկամությունն այդ երկրի նկատմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ մեր համերաշխությունն այս երկրի նկատմամբ», - ասաց Տեսիեն:

Ֆրանսիա - Լեռնային Ղարաբաղ խորհրդարանական շփումները կարծես թե ավանդական են դառնում: Վերջին մի քանի տարում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատգամավորական պատվիրակությունն արդեն մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ նույնիսկ հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում:

Գի Տեսիեն այսօր Լեռնային Ղարաբաղից հարց է հնչեցնում. - «Ի՞նչ վատ արարք ենք անում` այցելելով մեր բարեկամներին: Արդյո՞ք մենք իրավունք չունենք այցելել այս ազատ երկիրը եւ ազատորեն տեսնել մեր բարեկամներին»:

Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, Վիեն քաղաքի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե ինքն անձամբ եկել է Լեռնային Ղարաբաղ` հայտնելու իր մեծ համակրանքը ղարաբաղյան պայքարի նկատմամբ եւ ասելու, որ «Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի հռչակելու իր անկախությունը եւ ճանաչում գտնելու միջազգային հանրության կողմից, ինչպես, օրինակ, Կոսովոն»:

Ֆրանսիացի պատգամավորները իրենց այցի շրջանակներում կհանդիպեն նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG