Մատչելիության հղումներ

Թալանել են նախկին պատգամավորին


Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը¸ կիրակի օրը առավոտյան ժամը 5-ին դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Կիլիկա թաղամասում գտնվող Նապոլեոն Ազիզյանի տուն: Նրանք ծեծի են ենթարկել նախկին պատգամավորին, նրա կնոջը եւ դստերը, այնուհետեւ զենքի սպառնալիքով հափշտակել են 3 միլիոն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ, ինչից հետո դիմել են փախուստի:

Ըստ մամուլի, ընդհանուր առմամբ դիմակավորված անձինք նախկին պատգամավորի տանից տարել են մոտ 300 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար եւ գույք:

Ծեծի ենթարկված Ազիզյանին եւ նրա հարազատներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ` Քրեական օրենսգրքի 175 հոդվածով (ավազակային հարձակում):

Նշենք, որ հարձակում գործած անձանցից ոչ մեկին ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել:

Ուշագրավ է, որ երեկ տեղի ունեցած այս դեպքը անցած 3 ամիսների ընթացքում գրեթե նույն սցենարով կատարված ավազակային 3-րդ հարձակումն է: Մասնավորապես, այս տարվա հունիսին կրկին 5 դիմակավորված անձինք, կրկին վաղ առավոտյան ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա: Այս անգամ էլ դիմակավորված անձինք առանձնատան պարսպի վրայով մտել էին Բեզոյանի տուն, կապել տան անդամներին, ծեծի ենթարկել նրանց, ապա վերցրել թանկարժեք իրերը, փողը¸ սեյֆը եւ հենց Բեզոյանի մեքենայով էլ հեռացել: Մամուլը գրեց, որ ընդհանուր առմամբ նախկին պաշտոնյայի տանից գողացել էին 300 հազար դոլարին համարժեք գումար:

Այս փաստով եւս հարուցվեց քրեական գործ, սակայն մինչեւ օրս ոստիկանությանը չի հաջողվել բացահայտել կատարված հանցագործությունը:

Անցած ամսվա սկզբին նմանատիպ ավազակային հարձակում տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա: Կրկին առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում, կրկին դիմավորված անձինք մուտք էին գործել Գրիգորյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու նրա 2 որդիներին, ապա վերցրել տան չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդերը եւ կրկին հեռացել տանտիրոջը պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայով: Այս գործը եւս մինչեւ օրս բացահայտված չէ:

Անցած 3 ամիսների ընթացքում գրեթե նույն սցենարով զենքի գործադրմամբ կատարված ավազակային այս հարձակումների գործերով որեւէ մեկը ձերբակալված չէ:

Ոստիկանությանն առայսօր չի հաջողվում պարզել, թե վերջին շրջանում Երեւան քաղաքում այդ ինչ կազմակերպված խումբ կամ խմբեր են վաղ առավոտյան զինված հարձակումներ գործում, բռնությունների ենթարկում տան անդամներին եւ մեծ գումարներ հափշտակելով անարգել հեռանում:
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG