Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը գոհ է գյուղմթերքների առաջին տոնավաճառից


Գյուղմթերքի վաճառք՝ առանց միջնորդի
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

ՀՀ գյուղնախարարությունը օգոստոսի 21-ին Երեւանում կազմակերպել էր գյուղմթերքի տոնավաճառ, որտեղ գյուղացիներն անձամբ, առանց միջնորդի էին վաճառում իրենց մթերքը: Սակայն կարճ ժամանակ անց վաճառակետերն արդեն դատարկ էին:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը գոհ է մայրաքաղաքի Կասյան փողոցում երեկ առաջին անգամ կազմակերպված գյուղմթերքների տոնավաճառից: Գնորդները մինչդեռ, դժգոհ են:

Առավոտյան ժամը 11-ին արդեն տոնավաճառը կիսադատարկ էր: Վաճառակետերը կամ ընդհանրապես զբաղեցված չէին, կամ էլ արդեն դատարկվել էին: Գնորդների մեծ մասը, որոնք դժգոհությամբ հեռացան տոնավաճառից, իրենց հիասթափությունն էին հայտնում կառավարության հերթական նախաձեռնությունից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղնախարարը վստահեցրեց, որ թերությունները կշտկվեն արդեն հաջորդ տոնավաճառին: Կարապետյանի գնահատմամբ, իրենց նպատակը` հնարավորություն տալ գյուղացուն վաճառել սեփական բերքը, իրականություն դարձավ:

«Մենք արդեն զգացինք, որ անհրաժեշտ է ավելի հաճախակի կազմակերպել: Եվ եկող շաբաթվանից կազմակերպելու ենք շաբաթ երկու օր` շաբաթ եւ կիրակի օրերին», - նշեց նախարարը` պնդելով, թե գյուղմթերքը տոնավաճառում երկու անգամ ավելի էժան է, քան հարակից շուկաներում:

Մինչդեռ նախարարի կարծիքը չկիսող գնորդները ցույց էին տալիս կիսադատարկ վաճառակետերն ու շուկայականից չտարբերվող գները: Նրանցից մի կին ասաց. - «400 հարյուրով դեղձ են վաճառում, շուկայում ամենալավ դեղձը 350 է»:

Իրենց ապրանքը մայրաքաղաք հասցրած գյուղացիները, մինչդեռ, ասում էին, թե շուկայականից մատչելի գներ են առաջարկում, գոհ են ու հաջորդ շաբաթ եւս ապրանք կբերեն տոնավաճառ:

Գյուղատնտեսության նախարարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց նաեւ ընթացիկ գյուղատնտեսական տարվա մասին` դրական գնահատելով այն:

Սերգո Կարապետյանի ներկայացրած թվերի համաձայն` այս տարվա հուլիսի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է գյուղմթերքների արտադրության 32.4 տոկոս աճ: Արդեն սկսված հացահատիկի բերքահավաքը եւս աճ է խոստանում` միջին բերքը հեկտարից նախորդ տարվա 20 ցենտների փոխարեն այս տարի ավելացել է 8 ցենտներով` հասնելով 28 ցենտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG