Մատչելիության հղումներ

«Այլեւս այսպես չենք ուզում ապրել», «Կառավարությանը` անվստահություն, նախագահին` վերջին հնարավորություն». այս եւ մի քանի այլ կարգախոսներով արդեն երրորդ օրն է Գյումրիի Թատերական հրապարակում ՀՅԴ տեղի կոմիտեն կարմիր վրան է տեղադրել եւ պայմանագրեր է կնքում գյումրեցիների հետ:

Դաշնակցության Գյումրիի կոմիտեի անդամ Արամ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե դա PR ակցիա չէ` իրենք իրականացնում են «Քվեն ուժ է» ծրագիրը:

«Քվեն ուժ է» ծրագիրը, հիշեցնենք, ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում է, որի մեկնարկը կուսակցությունը տվել է այս տարվա փետրվարին:

«Մեր խնդիրն է յուրաքանչյուրին, քաղաքացուն, ընտրողին համոզել, ստիպել, հասկացնել, որ ինքը անպայման մասնակցի ընտրություններին: Որովհետեւ ընտրություններին չեն մասնակցում մոտավորապես 200-300 հազար մարդ, եւ այդ չմասնակցելը, չքվեարկելը արդեն հնարավորություն է ստեղծում, որ իրենց փոխարեն ուրիշները քվեարկեն, ուրիշները ստորագրեն եւ իրենց սեւ գործը կատարեն վերեւներում», - հավելեց Հակոբյանը:

Արդեն 400 պայմանագիր է կնքվել, որով քաղաքացին պարտավորվում է մասնակցել առաջիկա ընտրություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում գյումրեցիները իրենց կարծիքները հայտնեցին իրակացվող ակցիայի վերաբերյալ:

Արամ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Դաշնակցությունը նաեւ պատրաստվում է Գյումրիում հանրահավաքներ անցկացնել. - «Պատրաստվում ենք մեծ հանրահավաքի… Գիտեք, որ Դաշնակցությունը պոպուլիստական կուսակցություն չէ, դեմ է հանրահավաքային ճանապարհներին, բայց այսօր սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը այնպիսին են, որ ստիպված Դաշնակցությունն էլ ուզում է վերջապես հանրահավաքի միջոցով ասել ժողովրդին, որ այլեւս այսպես չի կարելի ապրել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG