Մատչելիության հղումներ

Մինչեւ սեպտեմբեր կապամոնտաժվեն 266 լքյալ կրպակներ


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի օրը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր մայրաքաղաքում կապամոնտաժվի266 լքյալ, փակ կրպակ:

Ինչ վերաբերում է գործող, բայց պայմանագրերի ժամկետները լրացած կրպակներին, ապա քաղաքապետը չի նշել, թե դրանցից որոնք եւ որ փողոցներից կհեռացվեն:

«Երբ մենք խնդրեցինք տալ թե' փողոցների անունները, թե' նաեւ կրպակների ցուցակը, հայտարարվեց, որ գույքագրումը շարունակվում է», - «Ազատություն» ռադիոկայանին հանդիպումից հետո փոխանցեց Սաֆարյանը:

Անահիտ Բախշյանը, սակայն, հավելեց. - «Բոլոր այն կրպակները, որոնց ժամկետները լրացած է, պայմանագիր չունեն եւ կենտրոնական փողոցի վրա են, [ապամոնտաժվելու են]: Աներեր է քաղաքապետը»:

Քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված կրպակատերերից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ամեն ինչ խեղաթյուրված է: Այսինքն, այս հիմնարկները` թե' քաղաքապետարան կոչեցյալը, թե' թաղապետարան կոչեցյածը ստեղծված են մեզ աջակցելու համար, ոչ թե մեր դեմ պայքար մղելու»:

«Այն, ինչ իրենք առաջարկում են, չի կարող ձեռնտու լինել հասարակ աշխատողի համար: Եթե մարդը իր գույքը ուներ, նա ժամանակին վճարել է այդ գույքը ձեռք բերելու համար: Այդ գույքը առանց փաստաթղթի տարել է արդեն: Հիմա էլ ասում է` էս անապատում քեզ տեղ եմ տալիս, գնա նոր կրպակ պատվիրի, որը արժե 2 միլիոնից ավելի դրամ, բեր այդտեղ տեղադրի, ես քեզ հինգ տարով թույլտվություն կտամ», - հավելեց մեկ այլ` արդեն նախկին կրպակատեր:

Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ Մաշտոցի պողոտայի բոլոր` անգամ ֆիրմային խանութների կրպակ-տաղավարները կապամոնտաժվեն, Փափազյան փողոցի կրպակատերերին ամսավարձով տեղեր կհատկացվեն մինի շուկայում, գետնանցումների տաղավարները կհանվեն աճուրդի: Թերթերի կրպակների հարցը առայժմ չի քննարկվել:

Վերջնական արդյունքները պարզ կլինեն այն ժամանակ, երբ ավարտվի քաղաքապետարանի կողմից անցկացվող կրպակների գույքագրումը:
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG