Մատչելիության հղումներ

Բրիտանական պարբերականը «տարօրինակ» է որակում դեսպանական զույգի նշանակումը Հայաստանում


«Տեր եւ Տիկին դեսպաններ. աշխատանքի տարօրինակ բաժանում». այսպես է որակել բրիտանական Daily Mail պարբերականը Հայաստանում դեսպանի պաշտոնում ամուսնական զույգ նշանակելու՝ պաշտոնական Լոնդոնի որոշումը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, թե Երեւանում համատեղ դեսպաններ է նշանակում ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսին եւ Քեթրին Ջեյն Լիչին, որոնք իրենց դիվանագիտական առաքելությունը կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

«Այս որոշումից հետո արտաքին գերատեսչությունը մեղադրվեց Մեծ Բրիտանիան ծաղրի առարկա դարձնելու մեջ», – գրում է բրիտանական պարբերականը՝ մանրամասնելով, – «Համատեղ դեսպանները դիվանագիտական այդ կարեւոր պաշտոնը պետք է զբաղեցնեն հերթով՝ չորս ամիս ժամկետով, մինչ մյուսն այդ ընթացքում պետք է երեխաների խնամքով զբաղվի»։

«Այս հայտարարությունը շատ հայաստանցիների է զարմացրել. երկրում մտահոգություն կա, որ այն կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի ազդեցությունը մի երկրում, որը կարեւոր գործընկեր է ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասում: Քննադատների համոզմամբ, այս նշանակումը հուշում է, որ Հայաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի վերաբերմունքում լրջության պակաս կա», – գրում է բրիտանական պարբերականը: Daily Mail-ի հետ զրույցում, մասնավորապես, նման կարծիք է հայտնել բազմամյա դիվանագիտական փորձ ունեցող, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Կասկածում եմ, որ նրանք [բրիտանացիները] ամուսնական զույգ կգործուղեին Միացյալ Նահանգներ կամ բազմաթիվ այլ երկրներ: Դեսպանները, որպես կանոն, իրենց աշխատանքի առաջին երկու տարիների ընթացքում ծանոթանում են երկրին, եւ միայն երրորդ տարվանից սկսած է, որ նրանց աշխատանքը սկսում է իրական արդյունքներ տալ։ Իսկ այստեղ Տիկին դեսպանն է մի քանի ամիս աշխատելու, հետո՝ ամուսինը։ Իսկ հետո՞.. Կրկի՞ն՝ տիկինը», – տարակուսած հարցրել է Նավասարդյանը։

Բրիտանական պարբերականի պնդմամբ, Մեծ Բրիտանիան Հայաստանից բացի ընդամենը մեկ երկրում՝ Զամբիայում է կիրառել համատեղ դեսպաններ՝ ամուսիններ նշանակելու պրակտիկան, սակայն միտում կա այն հետագայում շարունակել։

«Հետաքրքիր է՝ արդյոք բրիտանացիները այս մոտեցումը կկիրառեն նաեւ այն երկրների դեպքում, որոնց կարեւոր են համարում», – Daily Mail-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտոնական աղբյուրը՝ առանց ներկայանալու։

Պարբերականը միաժամանակ հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը այնքան է ձգտել այս քայլով չվիրավորել Հայաստանի իշխանություններին, որ նշանակումից առաջ Երեւան է գործուղել Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Լորի Բրիսթուոին՝ առաջարկը քննարկելու համար։

«Համատեղ դեսպանների նշանակումը աշխատանքի ժամանակակից ձեւ է, որը կօգնի հյուրընկալող երկրում իրականացնել հնարավոր ամենալավ դիվանագիտական ծառայությունը», – Daily Mail-ին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության խոսնակը՝ հավելելով,– «Այս ձեւը նաեւ հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել Բրիտանիայի հարկատուների միջոցները, միասնական պահել ընտանիքները եւ կրճատել ճանապարհային ու տեղափոխության ծախսերը»։

Նշանակման շուրջ արեւմտյան պարբերականը զրուցել է նաեւ անձամբ իրենց՝ տեր եւ տիկին դեսպանների հետ, ովքեր պնդել են, թե համատեղ աշխատանքը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ «Յուրաքանչյուր չորս ամիսը մեկ մենք մանրազնին տեղեկություններ կտրամադրենք մեկս մյուսին, միասնական դիրքորոշում կորդեգրենք առանցքային հարցերի ու որոշումների շուրջ», – ասել է Տիկին դեսպանը։

Հոդվածում Daily Mail-ը նաեւ նշում է, որ այս վիճահարույց նշանակումը կատարվել է այն բանից հետո, երբ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախորդ դեսպանը՝ Չարլզ Ջոն Լոնսդեյլը, ամուսնացել է դեսպանատան իր հայ խոսնակի հետ։

«Այս երկու իրադարձությունները բերել են նրան, որ տեղի քաղաքական գործիչներն այժմ բրիտանական դիվանագիտական առաքելությունը «սիրո դեսպանատուն» են կոչում», – գրում է բրիտանական պարբերականը:
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG