Մատչելիության հղումներ

Օգոստոսի 20-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մինչեւ օրս բոլոր ընտրություններն ունեցել են գործող վարչախմբի վերարտադրությանը նպատակ: Առաջիկա ընտրությունները պետք է ունենան գործող վարչախմբի հեռացումը, իշխանության փոփոխությունը Սահմանադրության տառի մեջ տեղավորելու նպատակ: Նման երաշխիք կարող է տալ միայն գործող վարչախմբի ներկայացուցիչների քաղաքական որոշումը` առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Քանի դեռ գործող վարչախումբը շարունակում է պայքարը իշխանության համար, իրադարձությունների զարգացման այլընտրանքը մնում է թունիսյան, եգիտպական, լիբիական, սիրիական տարբերակը: Քանի դեռ գործող վարչախումբը պայքարում է իշխանության համար, բացառվում է ուրեմն ինքնակամ հեռացումը իշխանությունից, եւ որպես այդ հեռացման միակ տարբերակ շարունակում է մնալ ժողովրդական պարտադրանքը: Եթե ընտրությունները ի վիճակի չեն դառնալ ժողովրդական պարտադրանքի գործիք, դրանք անիմաս են դառնում եւ ինքնանպատակ: Ընտրությունները Հայաստանում այլեւս իմաստ ունեն միայն դրանց արդյունքների կեղծումը բացառելու պայմանով: Նման երաշխիք այսօր կարող է տալ միայն կոալիցիոն-օլիգարխիկ իշխանության չմասնակցությունը ընտրություններին»:

«Առավոտ»-ի խմբագիրը փորձում է գնահատել արդեն 20-ամյա վաղեմության օգոստոսյան պուտչը. - «Կարծում եմ, «պուտչիստները» տապալվեցին հիմնականում այն պատճառով, որ փորձում էին փրկել այն, ինչը հնարավոր չէր փրկել: Իսկ Խորհրդային Միությունը դատապարտված էր կործանման ոչ թե այն պատճառով, որ չարամիտ Գորբաչովը կամ Ելցինը դրան ձգտում էին, ոչ թե այն պատճառով, որ նենգ ամերիկացիները ցանկանում էին աշխարհում միահեծան իշխանություն հաստատել: Պարզապես համակարգը, որ գոյություն ուներ 70 տարի, այդ պահին լիովին դրսեւորեց իր անարդյունավետությունը բոլոր` տնտեսական, քաղաքական եւ բարոյական իմաստներով: Այլ հարց է, թե արդյոք այդ համակարգը «կազմաքանդվել է» ամբողջությամբ: Վստահ եմ, որ` ոչ»: Խմբագիրն այնուհետեւ հետեւյալն օրինակներ է բերում. - «1994-ին փակվել դաշնակցական թերթերը, 2002-ին եթերազրկվել է «Ա1+»-ը, 2008-ի մարտի 1-ից 20-ը պետությունն արգելեց բոլոր ոչ իշխանամետ կայքերի եւ թերթերի գործունեությունը: Արդյոք կուսակցությունների համագումարները չե՞ն հիշեցնում ԽՄԿԿ համագումարները` լիդերների նկատմամբ քսու քծնանքով: Արդյոք «բազեները» նման չե՞ն 70-ական թվականների, իսկ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները` 20-ական թվականների «կոմսոմոլներին»: Արդյոք ԱԺ-ում «օրենսդրությամբ» զբաղվող կերած-խմած եւ անգրագետ պատգամավորները նման չե՞ն նախկինում նույն շենքում նստած «կենտկոմականների»: Արդյոք կուսակցականները չե՞ն դաստիարակում մատաղ սերունդներին` աշխարհը յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանելու բոլշեւիկյան աղետալի սկզբունքով: Վերջապես, քաղաքական մատնագերե գրող «կագեբե»-ի «ստուկաչները» արդյոք չե՞ն զբաղեցրել եւ չեն զբաղեցնում պատասխանատու պաշտոններ: Այնպես որ, «պուտչը» պարտվել է, իսկ «Սովետը»` ոչ ամբողջությամբ»:

«Ազգ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Հայաստանում տնտեսական քաղաքականության վարման եւ նրա կատարելագործման մասին բազմիցս է խոսվում, որ վաղուց ունի, հատկապես հարկային քաղաքականության մասով, անհապաղ վերանայման կարիք: Ներկայիս գործող հարկային քաղաքականությունը, հատկապես ավելացած հարկի (ԱԱՀ) մասով, չի նպաստում բիզնես ոլորտի զարգացմանը: Այն որպես անուղղակի հարկ, իր ամբողջ մեծությամբ ծանրացած է սպառողների վրա: 2011 թվականի համար նախատեսված 650 միլիարդ դրամ հարկային մուտքերի 50 տոկոսը պետք է ապահովվի ԱԱՀ հաշվին: Ընդհանուր առմամբ մեր երկրում անուղղակի հարկեր` ԱԱՀ, ակցիզային հարկ եւ մաքսային տուրքեր, գանձումների հաշվին ապահովվում է բյուջեի եկամուտների մինչեւ 65 տոկոսը: Համեմատական կարգով ասենք, որ զարգացած երկրներում պետական բյուջեի եկամուտների 80-85 տոկոսը ապահովվում է ուղղակի հարկերի հաշվին: 2010 թվականի ընթացքում մեր երկրում արդյունաբերական արտադրության բաժինը ներքին համախառն արդյունքում կազմել է ընդամենը 23,5 տոկոս, որը 1988 թվականի արդյունաբերական արտադրության համեմատությամբ կրճատվել է 7,5 անգամ: Ներքին համախառն արդյունքը 2010 թվականին 6 տոկոսով ավելի պակաս է, քան 2007 թվականին: Այս ամենը խոսում է այն մասին, որ վաղուց անհրաժեշտություն է զգացվում արմատապես փոխելու ինչպես տնտեսական, այնպես էլ հարկային քաղաքականությունը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, որ մեր հանրությանը ծանոթ է Հանրապետականի ծննդատուն անունով, թղթաբանությունն իրականացվում է հիմնականում ռուսերեն, իսկ հղիության վարման քարտերը` նաեւ անգլերեն լեզվով: Հղի կանանց ի պաշտոնե օգնելու կոչված այս մարդիկ ապագա մայրերին համարում են «հիվանդ», իսկ հղիությունը` «ախտորոշում»: Այդ քարտերում այսպիսի տող կա` «диагноз-беременность»: Բայց դա էլ ոչինչ. երբ կինը ծննդաբերում է, եւ նրան փոխանցման քարտ է տրվում, որպեսզի ներկայացվի համապատասխան մանկական պոլիկլինիկա, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ, համաձայն այդ քարտի վերեւում գրված տվյալների, ինքը դեռեւս ապրում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG