Մատչելիության հղումներ

logo-print

2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության ամենաերիտասարդ չեմպիոնը


«Առաջին մարզիչս հայրս էր՝ 4 տարեկանում ինձ շախմատ խաղալ սովորեցրեց», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց քսանամյա շախմատի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ շախմատի դպրոց է հաճախել 6 տարեկանից: 11 տարեկանում առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի: Ռոբերտը Հայաստանի շախմատի հավաքականի ամենաերիտասարդ անդամն է: Շախմատի ազգային հավաքական հրավիրվելը նրա համար անակնկալ չէր:

«2010 թվականի դեկտեմբերին, երբ դեռ Հայաստանի առաջնությունը չէինք խաղացել, պարզվեց, որ ազգային հավաքական մտնելու համար պետք էր հաղթել Հայաստանի առաջնությունում: Երբ հաղթեցի, արդեն գիտեի, որ կմտնեմ ազգային հավաքական», - ասաց Ռոբերտը:

Ռոբերտը պատմում է, որ փոքր տարիքից ցանկանում էր նմանվել միանգամից բոլոր հայ գրոսմայստերներին, իսկ շախմատի աշխարհի չեմպիոններից նշում է Գարրի Կասպարովի անունը: Նա այժմ հավաքականում մարզվում է Վլադիմիր Հակոբյանի հետ:

«Երեւի հիմա ավելի շատ նրան եմ նմանվում», - ասաց Ռոբերտը:

Երիտասարդ շախմատիստը շախմատի աշխարհի թիմային առաջնությունում խաղացել է Եգիպտոսի ներկայացուցչի հետ եւ հաղթել. - «Ես միշտ էլ պատրաստ էի ամեն խաղի մասնակցել, բայց երբ բոլորն են շատ լավ խաղում, իմ կարծիքով, ճիշտ արեց մարզիչը, որ ինձ ավելի շատ չխաղացրեց: Հաղթական կազմը պետք չէ փոխել», - նշեց նա:

Ռոբերտը հաստատեց այն տարածված կարծիքը, որ Հայաստանի շախմատի հավաքականը մեծ ընտանիք է, իսկ հավաքականի խաղացողները` ընկերներ են:

«Ես մինչ այդ էլ լսել էի, որ Հայաստանի հավաքականը թիմ չէ, այլ ընտանիք է, բայց չէի պատկերացնում՝ ինչ աստիճանի: Բոլորը, անկախ ամեն ինչից, միշտ կիսվում են իրար հետ խաղի իրենց տարբերակներով», - ասաց Ռոբերտը:

Մինչեւ այսօր Ռոբերտը պարզ հիշում է աշխարհի թիմային առաջնությունում մինչ իր առաջին խաղը մարզիչ Արշակ Պետրոսյանի խոսքերը. - «Ասում էր` մի մտածի, ամեն ինչ լավ կլինի: Խաղա այնպես, ինչպես խաղում ես բոլոր մրցաշարերում»:

Աշխարհի թիմային առաջնությունից վերադառնալուց 3 օր անց Ռոբերտը մեկնեց Հնդկաստան՝ մասնակցելու աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների առաջնությանն ու գրավեց 2-րդ տեղը: Այդուհանդերձ, նա ուշադրության պակաս չի զգում թե՛ ընկերների, թե՛ տարբեր կազմակերպությունների, թե' լրատվամիջոցների կողմից:

«Ինձ հրավիրել էին Համահայկական խաղերի փակմանը` մրցանակներ հանձնելու: Մինչեւ հիմա ինձ էին մրցանակ տալիս, այս անգամ մրցանակ տվողի դերում էի հանդես գալիս: Անսովոր էր», - եզրափակեց երիտասարդ շախմատիստը:

XS
SM
MD
LG