Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկված Հազրոյանի նկատամամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել


Մանվել Հազրոյանը (աջից երկրորդը) դատարանի դահլիճում, 3 օգոստոսի, 2011

Մանվել Հազրոյանը (աջից երկրորդը) դատարանի դահլիճում, 3 օգոստոսի, 2011

Իր չորս ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել:

Օգոստոսի 3-ին դատավճիռը հրապարակելու պահին Մանվել Հազրոյանը ափերից դուրս էր եկել, եւ դատավորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքի տակ գտնվող շիշը շպրտել էր դատավորի ուղղությամբ: Շուշիի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հարձակվել էին Հազրոյանի վրա եւ սկսել խփել նրան: Այս դեպքի առնչությամբ էլ հարուցվել է քրեական գործը:

Այդ միջադեպի մասին ահազանգած Հազրոյանի պաշտպան Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, թե իր կողմից ՀՀ գլխավոր դատախազության ներկայացված 4 հաղորդումներից ԼՂ գլխավոր դատախազությունը միայն մեկն է բավարարել:

«Տվյալ պարագայում երկու կողմ կար, որոնց նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվեր. մեկը մեր պաշտպանյալ էր` դատավորի ուղղությամբ շիշը շպրտելու համար, մյուսը` ԼՂ Շուշիի քննչական մեկուսարանի ոստիկանները: Գործը հարուցել են ամենաթույլ օղակի նկատմամբ, այսինքն ամբաստանյալի: Նրանց այն գործողություններին, որ լրագրողների գործունեության են խոչընդոտել, իմ նկատմամբ են բռնություն գործադրել, իմ պաշտպանյալին դատարանի դահլիճում ծեծի են ենթարկել, որեւէ ձեւով իրավական գնահատական չի տրվել», - ասաց Մարուքյանը:

ԼՂ գլխավոր դատախազության խոսնակ Կիմ Գաբրիելյանի խոսքով` միջադեպից մեկ օր անց Հազրոյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG