Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դիմում է գրել Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունից դուրս գալու մասին:

Արզումանյանը 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, ղեկավարել է ՀՀՇ տեղեկատվական կենտրոնը։ 1996-1998 թվականներին Արզումանյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր: ՀՀՇ-ին ֆորմալ առումով նա անդամակցել է 1998 թվականի նոյեմբերին, երբ կուսակցությունն այլեւս իշխանության ղեկին չէր: 2000-2002 թվականներին Արզումանյանը եղել է ՀՀՇ վարչության նախագահ, իսկ 2008 թվականի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ նա գլխավորել է Հայաստանի առաջին նախագահ եւ այդ ընտրություններին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբը։

«Դա արդեն իրողություն էր մեկ տարուց ավելի, ես բազմիցս հայտարարել եմ: ՀՀՇ-ի վերջին համագումարին, որը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 17-ին, չեմ մասնակցել, դրանից հետո նորընտիր վարչությունը անցկացրել է անդամների վերահաշվառում, որին չեմ մասնակցել եւ դրանով իսկ համարել եմ իմ անդամակցությունը ՀՀՇ-ին դադարեցված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը` շարունակելով. - «Ուղղակի կա ներկուսակցական ընթացակարգ, եւ եղան տարբեր մեկնաբանություններ, որ դիմում չի եղել ֆորմալացնելու համար, ես դիմում եմ ներկայացրել, որով վերահաստատել եմ, որ 2010 թվականի հուլիսի 17-ից չեմ հանդիսանում ՀՀՇ-ի անդամ»:

Իր որոշումը Արզումանյանը այսպես բացատրեց. - «Վերջին համագումարից առաջ արդեն իսկ ՀՀՇ-ի ներսում մթնոլորտը բավականին լարված էր, եւ այդ համագումարի նախապատրաստման աշխատանքների հետ կապված եղել են տարբեր գնահատականներ: Նախ, իմ կարծիքով, կա նահանջ ազատական գաղափարախոսությունից, ՀՀՇ-ն պետք է լիներ ազատականության լոկոմոտիվը Հայաստանում: Մի շարք մարդիկ նաեւ քննադատության ենթարկեցին այն ձեւը, որով ձեւավորվեց նոր վարչությունը, եղան ընտրությունները կեղծելու մեջ մեղադրանքներ: Փաստը, որ նման մեղադրանքներ կան, արդեն իսկ ընդունելի չէ ժողովրդավարական համարվող կուսակցության համար: Այդ մթնոլորտը ստիպեց, որ ես վերանայեմ իմ մոտեցումները»:

Ինչպես հայտնի է, անցած տարվա հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ համագումարից հետո, որի արդյունքում ընտրվեցին կուսակցության նոր վարչություն եւ վարչության նախագահ, ՀՀՇ-ին տարիներ շարունակ անդամակցած Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, թե «համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են», ուստի ինքը դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը: ՀՀՇ նորընտիր վարչությունից հերքել էին ընտրակեղծիքների մասին հայտարարությունը:

ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց կուսակցությունից դուրս գալու մասին Ալեքսանդր Արզումանյանի որոշումը. - «Դիմում է գրել, ինչպես մեր կանոնադրությունն է պահանջում, քննարկել ենք, ընդունել ենք ի գիտություն, եւ այդ հարցը փակված է մեզ մոտ: Ասելու կամ մեկնաբանելու այլ բան չունեմ»:

Անդրադառնալով Արզումանյանի այն խոսքերին, թե ՀՀՇ-ում նահանջ կա ազատական գաղափարախոսությունից, ինչպես նաեւ կուսակցության համագումարի վերաբերյալ գնահատականին, Հայոցյանն ասաց. - «Կարծիք է, որ ապրելու իրավունք ունի: Նման բան գոյություն չունի»:

Արզումանյանը, անդրադառնալով, վերջերս կազմավորված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը (որի ղեկավար կորիզը բաղկացած է հիմնականում նախկին ՀՀՇ ղեկավարներից,) իր անդամակցության վերաբերյալ խոսակցություններն, ասաց, թե ինքը այդ նորաստեղծ կուսակցության «համակիրն ու համախոհն է»:

«Այդ կուսակցությունը նոր ձեւավորման փուլում է: Գաղտնիք չէ, որ իմ ընկերներից շատերը այդ կուսակցության հիմնադիրներն են: Կուսակցության անվանումը արդեն շատ խոսուն է, այսինքն այն ենթադրում է, որ ազատ մտածող մարդկանց մի հավաքատեղի է լինելու եւ փորձելու է ներգրավել քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ուժերի լայն սպեկտոր եւ շատ մեծ կարեւորություն է տալու համակիրների, համախոհների ինստիտուտին: Այդ առումով ես համագործակցում եմ, համակիր եմ, համախոհ եմ, իսկ իմ անդամակցության հարցը կլուծվի, երբ անհրաժեշտ կլինի: Կամ երբ կտեսնեմ, որ դրանով կուսակցությանը ինչ-որ օգուտ կարող եմ բերել, գուցե եւ անդամակցեմ», - ասաց Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG