Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Ճանապարհորդող նոտաներ» ("Traveling notes") միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնը մեկնարկել է 2007 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ այս տարի օգոստոսի 13-24-ը Երեւանում է միավորել 67 երիտասարդ երաժիշտների (45-ը` Հայաստանից, 22-ը` արտասահմանից) 11 երկրներից:

Ծրագրի շրջանակներում ձեւավորվել են տարբեր նվագախմբեր՝ փողային, լարային եւ սիմֆոնիկ: Ի դեպ, փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբ այս տարի ձեւավորվել է առաջին անգամ: Երաժիշտները 4 համերգ կունենան, որոնցից առաջինը` Վանաձորում:

«Համերգներից մեկը յուրահատուկ կլինի, որովհետեւ այն կսկսենք սրահի ներսում, իսկ կավարտենք դրսում: Հատկապես բարձր հնչողություն ունեցող գործիքների վրա նվագող երաժիշտները` շեփորահարները, տրոմբոնահարները դուրս կգան եւ համերգի վերջին երկու մասերը կնվագեն դրսում, որպեսզի ամբողջ Երեւանը լսի», - ասաց փառատոնի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը:

«Ճանապարհորդող նոտաների» մասնակիցներն ընտրվել են իրենց հայտերի հիման վրա եւ լսումների արդյունքում: Հայաստանից լսումներին մասնակցել են 140 երաժիշտներ: Լսումներն անցկացրել են մի շարք մասնագետներ եւ փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Խորխե Ագիրեն, ով մասնակիցներին լսել է Skype-ով:

Փառատոնի ընթացքում նաեւ վարպետության դասեր են անցկացվում: Բացի Խորխե Ագիրեից, երիտասարդ երաժիշտների հետ աշխատում են մասնագետներ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Վրաստանից եւ Հայաստանից:

«Կարծում եմ` մեզ միավորում է այն, որ ուզում ենք ներկայացնենք մեր երաժշտությունը բարձր մակարդակով, եւ մենք գտնում ենք երաժշտության լեզվով շփվելու ուղիներ, որը կարծես ծածկում է բոլոր լեզվական դժվարությունները», - ասաց հարվածային գործիքների դասախոս Ջերեմի Էփը (Կանադա):

Տարբեր են լեզուները, մշակույթները, տարբեր են նաեւ երաժշտական դպրոցները:

«Ես զգում եմ փողային գործիքների դպրոցների տարբերությունը: Երբ լսում եմ տրոմբոնի փափուկ նվագ, ես հասկանում եմ, որ մասնակիցը Ռուսաստանից չէ», - ասաց կլարնետահար Դմիտրին:

«Մեր առաջին տրոմբոնը ԱՄՆ-ից է, երկրորդը` Հայաստանից, ես էլ Թուրքիայից եմ: Ես ավելի փափուկ եմ նվագում, Գաբրիելը (ԱՄՆ)՝ ոչ այդքան: Մի քիչ դժվար է: Կարծում եմ, որ մոտ մեկ շաբաթում նույն մակարդակին կհասնենք, միայն ժամանակ եւ աշխատանք է պետք», - ասաց Բուրքայը Թուրքիայից:

Համերգների ընթացքում կկատարվեն մասնակից երկրների հեղինակների ստեղծագործություներից: Երիտասարդ երաժիշտները օրական 8 ժամ պարապում են եւ բոլոր համերգներին հանդես կգան նոր ծրագրով:

«Ես բացահայտեցի, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Այստեղի երաժիշտները տաղանդավոր են: Ես նաեւ շատ տպավորված եմ հայ ջազմեններով, շատ լավ ջազային երաժշտություն ունեք, - ասաց ամերիկացի դաշնակահարը:
XS
SM
MD
LG