Մատչելիության հղումներ

Dasaran.am-ի շնորհիվ Երեւանի դպրոցներն առավել վերահսկելի կլինեն


Աշակերտի վարքի, ստացած գնահատականի ու առաջադիմության մասին տեղեկություններ իմանալու համար ծնողը կարող է այցելել dasaran.am համադպրոցական սոցիալական ցանց:

Մայրաքաղաքի բոլոր 120 դպրոցներն այսուհետ կընդգրկվեն այս ցանցում: Յուրաքանչյուր դպրոցում կգործի «էլեկտրոնային օրագիր» ծառայություն, որի միջոցով ծնողը կարող է անգամ տեսնել ցանկացած առարկայից երեխայի ստացած միջին միավորը:


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը լրագրողներին վստահեցրեց, որ ծրագիրը նաեւ հստակ հակակոռուպցիոն բնույթ ունի: Ըստ նրա` կնվազեն ծնող-ուսուցիչ ներքին պայմանավորվածություների միջոցով շինծու բարձր գնահատականներ կորզելու հնարավորությունները եւ ոչ միայն: Սակայն պարզ է, որ նման որեւէ համաձայնություն վիրտուալ ցանցերում չի արտացոլվում, հետեւաբար «Մաքսլիբերթի»-ն հետաքրքրվեց նախարարից, թե ինչպե՞ս է նա պատկերացնում, թե ինչպես է ծրագրին հաջողվելու նվազեցնել այդ ռիսկերը:

«Եթե ընթացիկ գնահատում է լինում, ապա կրթության ոլորտի պատասխանատուները հնարավորություն ունեն ավտոմատ ձեւով ստուգել տվյալ երեխայի առաջադիմությունը: Հետո թվերը փոխելը շատ դժվար է», - ասաց Աշոտյանը:

Սոցիալական այս ցանցի միջոցով ծնողները կարող են հետեւել երեխայի բացակայություններին, տեղեկանալ, թե ինչ տնային աշխատանք է տվյալ օրը հանձնարարված, հետեւել դասացուցակին եւ այլն: Իսկ աշակերտները հնարավորություն կունենան ցանցում շփվել համադպրոցական հասակակիցների հետ, մասնակցել տարբեր գրական եւ ինտելեկտուալ մրցույթների եւ այլն: ԿԳ նախարարի համապատասխան հանձնարարականով ծրագրին միացող մայրաքաղաքի բոլոր դպրոցների ուսուցիչներն օրվա գնահատականները ցանցում կմուտքագրեն:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե եղել են արդյո՞ք տնօրեններ, ովքեր վերահսկողությունից խուսափելու համար հրաժարվել են միանալ ցանցին, ծրագրի հիմնադիր-տնօրեն Սուրեն Ալոյանն ասաց. - «Նմանատիպ միջադեպեր արդեն եղել են, որ տնօրենները հրաժարվել են, բայց կարծում եմ` նման խնդիրներ այլեւս չեն լինի»:

Արմեն Աշոտյանի խոսքով` եթե մինչեւ այսօր ծրագիրը վճարովի էր ու մասնավոր, եւ դրան միանալը կախված էր ծնողի ու դպրոցի կամքից, ապա այսուհետ ցանցին միանալը պարտադիր պայման է: Մինչ օրս կրթական այս սոցիալական ցանցին միացել են մայրաքաղաքի 46 դպրոնցեր: Եկող ուսումնական տարի ծրագիրը կգործի Հայաստանի բոլոր դպրոցներում:
XS
SM
MD
LG