Մատչելիության հղումներ

Վրաստանում վթարի ենթարկված ավտոբուսի ոչ մի ուղեւոր «լուրջ վնասվածք չի ստացել»


Վրաստանի Գուդաուրիի շրջանում երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 14 ուղեւոր Թբիլիսիիում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Հայաստան: Վթարը տեղի է ունեցել Թբիլիսիից 90 կիլոմետր հեռու` ավտոբուսը ճանապարհից մոտ 6 մետր ներքեւ է ընկել:

Ռուսաստանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի 29 ուղեւորներից 25-ը Հայաստանի քաղաքացիներ են: Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Հովսեփ Կարախանյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ուղեւորներից 14-ը բուժօգնություն ստանալուց հետո ճանապարհվել է Հայաստան: Մնացածը դեռ բուժման կարիք ունի: Կարախանյանի գնահատմամբ, ոչ մի ուղեւոր լուրջ վնասվածք չի ստացել:

«Կտրվածքներ, թեթեւ ջարդվածքներ: Զոհեր չկան, ու ով էլ որ հիվանդանոցում է գտնվում տվյալ պահին, վրաց բժիշկների հավաստիացմամբ` կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց Հովսեփ Կարախանյանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակցի խոսքերով, նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդն իրեն վատ է զգացել, ինչի հետեւանքով էլ մեքենան դարձել է անկառավարելի եւ դուրս եկել ճանապարհից:

Ավտոբուսը չի պատկանել ուղեւորափոխադրում իրականացնող որեւէ ընկերության. այն պատկանել է մասնավոր անձի: Վրաստանի իրավապահ մարմինները, որոնք հետաքննում են կատարվածը, քննում են նաեւ այս հանգամանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG