Մատչելիության հղումներ

logo-print

«Ոստիկանությունը խոչընդոտել է Վահրամ Մարգարյանի հանդիպումը իր փաստաբանի հետ»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, թե ոստիկանությունը խոչընդոտել է օգոստոսի 17-ի երեկոյան Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկված Վահրամ Մարգարյանի փաստաբանի հանդիպումը իր պաշտպանյալի հետ: Խոչընդոտներ են հարուցվել նաեւ շտապօգնության բժիշկների առջեւ, ովքեր ցանկացել են հանդիպել բաժնում գտնվող Մարգրայանին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շաքե Ավոյանը:

Վահրամ Մարգարյանը 2004 թվականի փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:

Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանները, ծեծի ենթարկելով, Վահրամ Մարգարյանին տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին:

«Երեկոյան, ժամը 10:20, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երկու իրավաբաններ եղել են Կենտրոնի ոստիկանության բաժնում: Մեր ներկայացուցիչները տեւական միջամտության արդյունքում կարողացել են հասնել այն բանին, որ փաստաբանը բարձրացել է վերեւ եւ մեր ներկայացուցիչը եւս տեսել է կասկածյալին», - նշեց Շաքե Ավոյանը: - «Դեմքին կապտուկ տեսել է, արձանագրել է այդ փաստը, բայց ինքը` կասկածյալը, հրաժարվել է խոսել դեպքի մասին»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հավելեց, որ Մարգարյանի փաստաբանը այժմ հնարավորություն ունի աշխատել նրա հետ:

Հիշեցնենք, օգոստոսի 12-ին Հայաստանի փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց, ըստ որի ապօրինի որակվեցին ավելի վաղ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 7 ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո նրանց փաստաբանների նկատմամբ ոստիկանների կիրառած գործողությունները: Փաստաբանները պնդում էին, որ իրենց աշխատանքը խոչընդոտվել է, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել եւ անգամ կարճ ժամանակով ազատազրկվել են: Ոստիկանությունը հերքում է փաստաբանների ներկայացրածը եւ պատրաստվում է ծառայողական քննություն անցկացնել այս առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG