Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը չի մարում


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադի

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադի

Արդեն երկրորդ շաբաթն է՝ չի մարում Ադրբեջանի ու Իրանի միջեւ լարվածությունը, որը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրապարակավ քննադատեց Ադրբեջանի իշխանություններին` իսլամական սկզբունքներին դեմ գնալու համար:

«Չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Հույս ունեմ՝ Ալիեւը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ՝ նրան սեւ ու մռայլ ապագա է սպասվում», - հայտարարել էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին։

Աղմկահարույց այս հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն ոչ միայն պաշտոնապես բողոքի նոտա հղեց Իրանին, այլեւ ձերբակալեց ծայրահեղ իսլամիստական շարժումներից մեկի երեք ներկայացուցիչների, որոնք ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, ֆինանսավորվում էին Թեհրանից։ Երկկողմ հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարեցին, թե «ձերբակալվածները կասկածվում են Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու մեջ»։

Փորձագետները փաստում են, որ Ադրբեջանի կողմից հնչող այս մեղադրանքները նոր չեն. անկախության հռչակումից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե Իրանը փորձում է միջամտել իր ներքին գործերին, այդ թվում՝ աջակցում է աշխարհիկ քաղաքականություն վարող Ալիեւի դեմ բողոքի ակցիաներին։ Այս մեղադրանքները ավելի ակնառու դարձան այս տարվա սկզբին, երբ իշխանությունները ձերբակալեցին Թեհրանի հետ կապեր ունեցող «Ադրբեջանի իսլամիստական կուսակացության» առաջնորդ Մովսում Սամադովին։ Վերջինս եռանդուն կերպով քննադատում էր պաշտոնական Բաքվին՝ դպրոցներում գլխաշորերը արգելելու համար, եւ իր ինտերնետային էջում կոչ էր անում տապալել Ալիեւի վարչակազմը։

«Խնդիրն այն է, որ Իրանն ուզում է իսլամիստական հանրապետություն տեսնել Ադրբեջանի տարածքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է ադրբեջանցի հայտնի փորձագետ Վաֆա Գուլուզադեն եւ մանրամասնում, – «Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանը անմիջապես սկսեց ագրեսիվ քաղաքականություն վարել Ադրբեջանի դեմ։ Նախ փորձ արվեց Ադրբեջան ներմուծել Հզբոլահի գաղափարախոսությունը. Ադրբեջան եկան բազմաթիվ իրանցիներ, որոնք գումարներ էին ծախսում եւ փորձում էին ողջ երկրի տարածքով մեկ իրենց կառույցները հիմնել, ինչը շարունակվում է մինչ օրս»։

Մի շարք փորձագետներ էլ փաստում են, որ Իրանի կողմից՝ հարեւան երկիրն իր վերահսկողության տակ առնելու փորձերը հիմնավոր դրդապատճառներ ունեն։ Պաշտոնական Թեհրանը, մասնավորապես, մտահոգված է իր երկու վաղեմի թշնամիների՝ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի սերտացող բարեկամությամբ։ Իսրայելի նավթային պաշարների 20 տոկոսը մատակարարում է Ադրբեջանը, բացի այդ, վերջերս հայտարարվեց, թե Բաքուն շուրջ 300 միլիոն դոլարի զենք է գնել այդ երկրից։

«Աշխարհաքաղաքական առումով Թեհրանի ու Բաքվի ռազմավարական շահերը հաճախ են բախվում», – վերջերս գրել էր արեւմտյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, –«Իրանը ամուր կապեր ունի Հայաստանի հետ, որը Ադրբեջանի թշնամին է, մինչդեռ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Արեւմուտքի ու Իսրայելի հետ, ինչը դուր չի գալիս Թեհրանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG