Մատչելիության հղումներ

Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքի ճակատագիրը դեռեւս անորոշ է


Կապամոնտաժվի Երեւանի հին շենքերից եւս մեկը
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

Ապամոնտաժման է ենթակա Տերյան 11 հասցեում գտնվող քաղաքի հին ճարտարապետության նմուշ հանդիսացող շենք, որ ժամանակին պատկանել է Աֆրիկյանների ընտանիքին: Երեւանում մինչ օրս քանդվել է քաղաքի հին ճարտարապետության նմուշ հանդիսացող 29 շենք, որից վերականգնվել է միայն

19-20-րդ դարերում Երեւանում ապրած ու մինչեւ Խորհրդային կարգերի հաստատումը բիզնես գործունեությամբ զբաղված Աֆրիկյան եղբայրները եղել են Երեւանի մեծահարուստներից ու իրենց ծավալած գործունեությամբ նպաստել են քաղաքի բնակիչների կյանքի բարելավմանը. նրանք բացել են դպրոցներ, անցկացրել ջրագծեր:

Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքերից այսօր Երեւանի կենտրոնում կանգուն են մնացել միայն երկուսը` Տերյան 11, Պուշկին 38 հասցեներում տեղակայված կառույցները, որոնցից Տերյան 11-ը այսօր կիսախարխուլ վիճակում է:

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը, «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, մի խումբ ճարտարապետներ ու արվեստագետներ կազմել են «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը` նպատակ ունենալով ստեղծել նախադեպ ու անորոշ ճակատագիր ունեցող շենքը պահպանել հենց տեղում:

«Ես 2003 թվականից սկսած ֆոտոնախագիծ եմ նկարում այս դարաշրջանի շենքերի մասին ու, ցավոք սրտի, ամեն տարի մի քանի շենք ուղղակի կորցնում ենք, իսկ այդ շենքերի միջոցով մենք կարող էինք ասել, որ Երեւանը գոնե մի 150 տարվա պատմություն ունի», - ասում է Հայկ Բիանջյանը:

Լուսանկարիչը Երեւանի քանդված, նաեւ վերականգնման նպատակով շենքերի քարերը համարակալած ու քանդած շենքերի լուսանկարների հսկայական արխիվ ունի, հետեւել է բոլոր ապամոնտաժված շենքերի ճակատագրին. - «Երեւանում քանդվել է քաղաքի հին ճարտարապետության նմուշ հանդիսացող 29 շենք, որոնցից մինչեւ այսօր վերականգնվել է 3-ը, այն էլ մասամբ` միայն դիմային հատվածներով: Քաղաքապետարանի կողմից 6 տարի առաջ ընդունվեց «Հին Երեւան» պատմամշակութային թաղամաս ստեղծելու որոշումը, ես նույնիսկ տեսել եմ նախագիծը, թե ինչպես պետք է վերակառուցվեն բոլոր ապամոնտաժված շենքերը այդ թաղամասում, սակայն մինչ այսօր ոչ մի քար չի դրվել թաղամասի ստեղծման համար»:

Աֆրիկյաններին պատկանած Պուշկինի 38 շենքը այսօր ունի սեփականատերեր, որոնք շենքը ծառայեցնում են տարբեր նպատակների. շենքի առաջին հարկում տեղակայված է Ազգային կինոկենտրոնը, նույն հարկի մուտքում գործում է հացի կրպակ, երկրորդ հարկում հացի փուռ է տեղակայված, պատճենհանման ծառայություն եւ այլն:

Աֆրիկյանների ժառանգությամբ մտահոգ մարդիկ նշում են, որ շենքը, որ գեղեցիկ կառույց է` դեռեւս պահպանված ներքին հարդարմամբ, ծառայում է քաղաքի հին ճարտարապետության նմուշ հանդիսոցող շենքին ոչ հարիր նպատակների, բայց, այնուամենայնիվ, ուրախ են, որ այն գոնե քանդման ենթակա չէ:

Փոխարենը ապամոնտաժման է ենթակա այս շենքի հարեւանությամբ` Տերյան 11 հասցեում գտնվող կառույցը, որը ներառված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:

«Եթե Աֆրիկյանների արձանը մենք չենք դնում, գոնե պետք է հարգնեք այդ մարդկաց ու չքանդենք նրանց պատկանած շենքը», - նշում է Սեդրակ Բաղդասարյանը:

Տերյան 11-ը շենքի բնակիչներից գնվել է «Միլենիում Կոնստրակշըն» ՍՊԸ-ի կողմից եւ կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվեր, սակայն այնտեղ քարերի հաշվառման աշխատանքները չեն սկսվել: Փոխարենը շենքը սկսվել է ներսից քանդվել, ինչի մասին զրուցակիցներս տեղեկացրել են Մշակույթի նախարարությանը, որը ահազանգից հետո միայն ուսումնասիրել է տարածքը եւ արձանագրել, որ շենքը իսկապես սկսվել է քանդվել «առանց հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնի թույլտվության», ինչը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտում է, քանի որ Տերյան 11-ը ներառված է անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Մշակույթի նախարարությունը, ինչպես հայտնել է իր կայքում, դիմել է Երեւանի քաղաքապետարանին` առաջարկելով «ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Շենքը փրկվել է անօրինական քանդման աշխատանքներից, բայց մնում է ապամոնտաժման ենթակա: Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը անհանգստացած է, որ այս շենքն էլ կքանդվի ու հին Երեւանի շատ այլ կառույցների պես այլեւս չի վերականգնվի:

«Եթե քաղաքապետարանը չունի միջոցներ, ապա Աֆրիկյանի ժառանգ հանդիսացող Արմեն Աֆրիկյանը պատրաստ է տրամադրել միջոցներ շենքը պահպանելու համար», - նշեց Սեդրակ Բաղդասարյանը:

«Ես պատրաստ եմ միջոցներ ձեռնարկել շենքը վերականգնելու համար, պատրաստ եմ իրականացնել միջոցառումներ, ակցիաներ համախոհներ գտնելու համար, քանի որ շենքը վերականգնելը խիստ ծախսատար է, բայց, ամեն դեպքում, պատրաստ եմ անել ամեն ինչ», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Արմեն Աֆրիկյանը:
XS
SM
MD
LG