Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը 3 դատավորի ներկայացրել է կարգապահական պատասխանատվության


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Արդարադատության խորհրդին առաջարկել է 3 դատավորների ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Օմբուդսմենը նման որոշում է կայացրել` ուսումնասիրելով քաղաքացիների կողմից իրեն ուղղված դիմում-բողոքները:

«Պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը եւ Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ», - տեղեկացրել է օմբուդսմենի գրասենյակը:

Երեմ Եսոյանը մայրաքաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, ունի դատավորի եռամյա աշխատանքային փորձ: Մասիս Ռեհանյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, ունի դատավորի 10 տարվա աշխատանքային փորձ: Յուրիկ Իսկոյանը դատավոր է նշանակվել 2005 թվականին: Նշանակման պահից մինչեւ այսօր դատավոր է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նաեւ նշել է նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմքերը. - «Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը»:

Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչը, օմբուդսմենի կարծիքով, անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ եւ կոպիտ խախտում է: Ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը՝ հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության:

Դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր եւ որդու միջեւ դատական վեճը քննել է 19 ամիս:

Եսոյանը տեղյակ էր օմբուդսմենի վերջին նախաձեռնությանը, բայց չցանկացած գնահատականներ տալ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եսոյանը ասաց, որ այս պահին օմբուդսմենի նշած գործով իր կայացրած վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում:

Հարցին` իրեն չի՞ անհանգստացնում սկսված գործընթացը, Երեմ Եսոյանը արձագանքեց. - «Ես կայացրել եմ արդարացի, ճիշտ դատական ակտ, եւ այդ առումով որեւէ անհանգստություն իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ չունեմ»:

Մասիս Ռեհանյանի հետ զրուցել չհաջողվեց: Իսկ ահա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը մեզնից տեղեկացավ Արդարադատության խորհրդին օմբուդսմենի ներկայացրած հաղորդման մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ հաղորդմանը, Իսկոյանը արձագանքեց. - «Տեղեկություն չունեմ: Եթե կարդամ, տեսնեմ ինչ է, կասեմ ձեզ»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հրաժարվեցին ավելի կոնկրետ նկարագրել դեպքերը, տալ նշված դատական գործընթացների մասնակիցների անունները:

Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Մարդու իրավունքների պաշտպանը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ հանդես գալու իրավունք անցած տարվանից է ստացել` կատարված օրենսդրական փոփոխությամբ:

Դատական օրենսգրի համաձայն, դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը` նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն: Արդարադատության խորհուրդը կարող է նաեւ միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին` դատավորի լիազորությունների դադարեցման հարցով:

Արդարադատության խորհուրդը նման նախաձեռնությամբ հանդես եկավ այս տարվա հունիսին: Այդ միջնորդությունից հետո Հանրապետության նախագահի հրամանագրով հուլիսի 11-ին դադարեցվեցին Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Հրամանագրի հրապարակումից հետո Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես էր բնորոշել իր պաշտոնանկությունը. - «Նպատակ ունեն դաս տալու դատավորներին, որպեսզի հետայսու ինքնուրույն որոշումներ չկայացվեն»:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը դատավորների հարցը Արդարադատության խորհրդում քննարկելու նախաձեռնությունների մասին ասաց, որ դա հիմնականում ձեւականություն է. - «Մինչ օրս ես չեմ տեսել մի դեպք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեն արդարացիորեն: Բացառությամբ միգուցե մեկ դեպքի: Համենայն դեպս, ես չեմ տեսնում Հայաստանում սկսված մի գործընթաց, որի նպատակը լինի ստեղծել այնպիսի դատարաններ, որտեղ արդարադատություն կիրականացվի»:

3 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օմբուդսմենի հաղորդումը նախ կքննարկվի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովում, եւ եթե հանձնաժողովը որոշի, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր կան, կհարուցվի վարույթ:
please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG