Մատչելիության հղումներ

Ավագ դպրոցի աշակերտները ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու հնարավորություն ունեն


FLEX (Future Leaders Exchange - Ապագա առաջնորդների փոխանակում) մշակութային փոխանակման ծրագրի 2012-2013 ուսումնական տարվա մրցութային փուլը սկսվում է այս տարվա սեպտեմբերից:

Մրցույթի 3 փուլերը հաղթահարող աշակերտները հնարավորություն կունենան մեկնելու ԱՄՆ` սովորելու տեղի ավագ դպրոցներում ու բնակվելու ամերիկյան ընտանիքներում:

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին:

Մրցույթին մասնակցելու համար աշակերտներից կպահանջվի ներկայանալ թեսթի գրանցման վայր` բերելով մեկ լուսանկար, գրիչ եւ ծննդականի կամ անձնագրի բնօրինակը:

Դիմորդները պետք է լինեն 9, 10 կամ 11-րդ դասարանի աշակերտներ եւ ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից մինչեւ 1997 թվականի հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում, լինեն ՀՀ քաղաքացի, ունենան լավ կամ գերազանց առաջադիմություն, տիրապետեն անգլերեն լեզվին ու համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

Ծրագրի ղեկավար Քրիստինե Գրիգորյանի խոսքով` ծրագիրը նպատակ ունի ԱՄՆ-ում ներկայացնել աշխարհի այս հատվածը, հայկական մշակույթը եւ այնտեղից բերել ամերիկյան կյանքի, դեմոկրատիայի այն արժեքները, որոնք Հայաստանում կա'մ պակասում են, կամ Հայաստանը դրա կարիքը ավելի շատ ունի:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության, իսկ ղեկավարվում` ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Հայաստանում ծրագրով զբաղվում է Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը:

Գրիգորյանը նշում է, որ ֆինանսական առումով ծնողներից միայն պահանջվում է լուծել անձնագրի ու ելքի արտոնագիր ստանալու, բժշկական ու պահանջվող այլ փաստաթղթեր ձեռք բերելու խնդիրները: Իսկ երկկողմանի ճանապարհածախսի, ուսման վարձի, այնտեղ ապրելու, 3-անգամյա սննդի հարցերը հոգում է ԱՄՆ կառավարությունը: Երեխաներին նաեւ տրվում է 125 դոլլար կրթաթոշակ` առօրյա ծախսերի համար:

2009 թվականին Անին հենց այս ծրագրով մեկնել է ԱՄՆ: Սովորում էր Մեյն նահանգում ու բնակվում տեղի ընտանիքներից մեկում, կամ, ինչպես ինքն է ասում, արդեն իր ընտանիքում:

«Օդանավակայանից ես նրանց հետ գրկախառնվեցի ու իմ ընտանիքի անդամները համարեցի, քանի որ իրենց կողմից էլ զգացի նույնքան ջերմություն: Ծննդյանս օրն եմ լավ հիշում, ինձ արթնացրեցին առավոտյան ժամը 6-ին, սկսեցին կիթառ նվագել, ամբողջ տունը զարդարված էր ու իմ հոստ (հյուրընկալող) մամայի մեքնեայի վրա գրված էր Happy birthday, 16 տարեկան ու իմ անունը: Դպրոցում էլ նույնքան ջերմ ու ուրախ նշեցինք ծնունդս», - «Մաքսլիբերթի»-ին պատմում էր Անին:

Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվում այն ընտանիքները, որտեղ պետք է ապրեն աշակերտներն ու որքանո՞վ են այդ ընտանիքներն ապահով, Գրիգորյանը պատասխանեց. - « Հյուրըկալող ընտանիքները բոլորը կամավորներ են: Միացյալ Նահանգներում ընտանքիների ու դպրոցների հավաքագրմամբ զբաղվում են տեղավորող կազմակերպությունները: Գտնում են ընտանքիներին, նրանցից վերցնում են համապատասխան փաստաթղթեր, ընտանքիները ներկայացնում են, թե ինչու են ուզում աշակերտ հյուրընկալել, ստուգում են ընտանիքների քրեական անցյալը ոստիկանությունում, ստուգում են պայմանները, արդյո՞ք սա այն բարենպաստ ընտանեկան միջավայրն է, որտեղ աշակերտները կարող են մեկ տարի ապրել»:

Անին նշում է, որ իր համար օրը սկսվում էր առավոտյան ժամը 6-ից ու ավարտվում աշխատանքային օրվա հետ: Դասերից հետո հաճախում էր տարբեր խմբակներ, մասնակցում կամավորական ծրագրերի, օգնում երեխաներին ու մեծերին:

«Օրինակ, դրամայի խմբակում, որի դերասանները իմ հասակակիցներն էին, օգնում էի ու բարձրախոսներ էի տեղադրում, օգնում էի մի տատիկի կենցաղային խնդիրներում, գրադարանում երեխաներին օգնում էի գիրք կարդալ, մաքրում էի գրքերը, դպրոցում էլ Հայաստանի մասին տարբեր պրեզենտացիաներ էի կազմակերպում: Այն տպավորությունն էր, որ ես այդ նահանգում Հայաստանի դեսպանն եմ», - ասում էր Անին:

Անիի խոսքով, ինքը դժգություններ չի ունեցել, բայց ժամանակ առ ժամանակ կարոտից ուղղակի տխրել է. - «Երբեմն կարոտում էի հայրենիքս ու ուզում էի հետ գալ, բայց կարող եմ ասել, որ սա փոխեց իմ ամբողջ կյանքը միանշանակ դրական առումով»:

please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG