Մատչելիության հղումներ

Լեռնապատցիները պահանջում են պաշտոնանկ անել իրենց գյուղապետին


Լեռնապատցիները բողոքում են կառավարության շենքի դիմաց, 18 օգոստոս, 2011

Լեռնապատցիները բողոքում են կառավարության շենքի դիմաց, 18 օգոստոս, 2011

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչները պահանջում են պաշտոնանկ անել գյուղապետի աթոռը արդեն 10 տարի զբաղեցնող եւ վերջերս գյուղացիների դեմ պարբերաբար դատական հայցեր ներկայացնող Հանրապետական կուսակցության անդամ Վանո Եղիազարյանին:

Լեռնապատցիները իրենց պահանջը արդեն երկրորդ անգամ հնչեցրին կառավարության շենքի դիմաց հինգշաբթի օրը անցկացրած բողոքի ակցիայի ընթացքում:

Գյուղացիները 2010 թվականի սկզբից նամակներ էին ուղարկել վարչապետին, նախագահին եւ հրապարակավ հայտարարում են, թե գյուղապետը գյուղի 50 միլիոն դրամանոց բյուջեն փոշիացնում է իր հարազատներին օգնություններ բաժանելով, կաշառք է պահանջում եւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում:

«Ինձանից տան սեփականաշնորհման գրքույկի համար 200 դոլար փող պահանջեց, ես չտվեցի, մինչեւ այսօր իմ սեփականության գրքույկը անորոշ դրությամբ մեջ է, չկա ոչ ինձ մոտ, ոչ էլ կադաստրում», - ասում էր լեռնապատցիներից մեկը:

Գյուղապետի դեմ մեկ ու կես տարուց ավելի է, ինչ գյուղացիների բողոքների հիմքով հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով: Մարզային դատախազությունից գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Գյուղապետը չի կալանավորվել, բնակավայրից չհեռանալու ստորագրություն է տվել եւ գյուղացիների բողոքներին հակընդեմ, իր բնորոշմամբ, «զրպարտության ու վիրավորանքի համար» անվերջ դատական հայցեր է ներկայացնում:

«Ամբողջ օրը դատերի ենք: Սեպտեմբերի 16-ին դատի եմ, 23-ին դատի եմ: 12 մարդու դատի է տվել, անմեղ մարդկանց: Ես ասել եմ` Եղեռնից բեթար ես արել, գյուղը քանդել ես, դրա համար դատի է տվել, ինձնից 400 հազար տուգանք է պահանջում», - ասում էր բողոքող գյուղացիներից մեկը:

Ի դեպ, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքից երկու ժամ էր անցել, երբ գյուղապետն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե արդեն արձանագրել է «վերջին զրպարտությունները»:

Գյուղում տիրող մթնոլորտի պատճառով գյուղատնտեսական աշխատանքների համար ժամանակ չունեցող լեռնապատցիները իրար հերթ չտալով գյուղապետին պաշտոնանկ անելու հիմքերն էին ներկայացնում կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Նա զայրացած գյուղացիների հայտարարություններին այսպես արձագանքեց. - «Ձեր գյուղապետն է, ձեր ընտրածն է, վյսո', ընտրվել է, վե'րջ»:

Գյուղապետ Վանո Եղիազարյանի խոսքից հասկանալի դարձավ, որ նա հարմարվել է իր դեմ ուղղված եւ չհանդարտվող բողոքի ալիքին:

«Միշտ էլ իմ դեմ են եղել էդ մարդիկ, ուղղակի դրսից որոշ ուժեր փորձել են ակտիվացնել այդ մարդկանց», - ասաց Եղիազարյանը` մանրամասնելով, թե «որոշ ուժեր» ասելով նկատի ունի Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ով «աջակցում է բողոքավորներին»: - «Իմիջիայլոց դատի եմ տվել նաեւ Արթուր Սաքունցին` զրպարտության համար», - հավելեց նա:

Գյուղապետը դատարանից ակնկալում է Արթուր Սաքունցի ղեկավարած գրասենյակից բռնագանձել 2 միլիոն դրամ: Իրավապաշտպանն ասաց, որ գյուղացիներն իրավական աջակցություն ստանալու նպատակով են դիմել իրեն:

«Մեկ տարուց ավելի մի գյուղապետի գործ են քննում, եւ նա շարունակում է պաշտոնավարել: Պաշտոնավարության ընթացքում օգտագործում է որոշ գյուղացիների նկատմամբ ճնշումներ բանեցնելու եւ բողոքներից հրաժարվելու իր լծակները», - ասաց Սաքունցը:

Մինչ Լեռնապատի` հիմնականում տարեց բնակիչներն ասում են, թե վերջին անգամ են գալիս մայրաքաղաք եւ սպառնում են հրաժարվել քաղաքացիությունից, գյուղապետը վստահեցնում է, թե երբեք հրաժարական չի տա:

«Ոչ մի անգա'մ: Ես այդքան թուլակամ մարդ չեմ, բողոքավորները միշտ էլ եղել են, կան ո'չ միայն տեղական, այլ նաեւ հանրապետական իշխանություններից: Որ այդպես լինի, կառավարությունը պետք է ցրվի, որովհետեւ ամեն օր ցույց են անում կառավարության դեմ», - ասաց Եղիազարյանը:

Կառավարության ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե գյուղապետին հնարավոր կլինի անվստահություն հայտնել եւ պաշտոնանկ անել, եթե դատարանը հաստատի գյուղացիների մեղադրանքները: Լեռնապատցիներն էլ ասում են, թե արդարադատություն կարող է իրականացնել միայն անկախ դատարանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG