Մատչելիության հղումներ

Կենտրոնի ոստիկանների նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ոստիկանությունը ծառայողական քննություն կանցկացնի Կենտրոնի բաժնում օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Հայաստանի ոստիկանությունից:

Նշենք, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս նշանակի ծառայողական քննություն եւ ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Աղվան Հովսեփյանը ոստիկանապետին ուղարկել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի լուսապատճենը` նկատի ունենալով¸ որ հենց այդ հոդվածում է առավել հանգամանալից անդրադարձ կատարվել Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը եւ տեղի ունեցած միջադեպին:

Ծառայողական քննության արդյունքների մասին ոստիկանապետը պետք է տեղյակ պահի Գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, Փաստաբանների պալատի խորհուրդը օգտոստոսի 12-ին տարածած հայտարարության մեջ ապօրինի էր որակել ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի աշխատակիցների գործողությունները ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ: Փաստաբանների պալատի խորհուրդն ընդգծել էր, որ խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունները, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Ավելին` փաստաբաններին ոստիկանության բաժնում զրկել են նաեւ ազատությունից:

Նշենք, սակայն, որ ոստիկանապետը իր վերջին ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հերքել էր, թե փաստաբաններին քաշքշել են կամ թույլ չեն տվել բաժին մտնել:

«Այս փաստաբանները ազատ ելք ու մուտք են ունեցել», - ասել էր ոստիկանապետը` հավելելով. - «Պարտքս կատարելու համար, հետագայում ձեզ ներկայացնելու համար, ամեն դեպքում ասել եմ, որ շտաբը նորից հետազոտի եւ ծառայական քննության արդյունքում ինձ ներկայացնի»:

Մինչ ոստիկանությունը ծառայողական քննություն կանցկացնի փաստաբանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, այսօր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել փաստաբան Վահե Հովսեփյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ պահանջում է քրեական գործ հարուցել մեղավորների դեմ` հաշվի առնելով օգոստոսի 9-ին իր եւ փաստաբան Ստեփան Ոսկանյանի դեմ կատարված ապօրինությունները:

«Նկարագրվել է, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանության բաժնում, ինչ է կատարվել մեզ հետ: Ու խնդրել ենք հարուցել քրեական գործ, կատարել նախաքննություն եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - հավելեց փաստաբանը:

Նրա համոզմամբ` իրենց նկատմամբ կատարվածը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ. - «Կոնկրետ այս դեպքը եթե ընթացք չստանա ու օբյեկտիվ լուծում չգտնի, միգուցեւ այսպիսի դեպքերը կարող են ավելի հաճախակի կրկնվել…Այդ պատճառով էլ գտնում ենք, որ կոնկրետ տվյալ գործի քննությունը բավականին մեծ նշանակություն ունի»:
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG