Մատչելիության հղումներ

Երեւանի ապամոնտաժված եւ ապամոնտաժման վտանգի տակ հայտնված կրպակների տերերը հինգշաբթի օրը հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել կառավարության շենքի առջեւ, ինչից հետո հանդիպում են ունեցել օմբուդսմենի հետ նրա գրասենյակում:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կրպակատերերին խորհուրդ տվեց պայքարել մղել ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ, քանի որ առանձին դեպքերում սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող կրպակատերերի իրավական փաստարկները բավականաչափ ուժեղ չեն խնդիրը դատական կարգով լուծելու համար:

«Եթե ձեր դեպքում հիմքերը բացարձակ օրինական չեն, իմ խորհուրդն է ձեզ, այսպես ընդհանուր պայքարի մեջ` որպես ոչ թե անհատական, անօրինական ապամոտնաժում, այլ` որպես մեկ անձի սոցիալական հացի խնդիր դիտարկելով շարունակեք ձեր` ոչ թե իրավական, այլ քաղաքական պայքարը», - ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախատեսվում է ապամոնտաժել անօրինական եւ չգործող, ինչպես անց ժամկետանց պայմանագրերով գործող եւ քաղաքաշինական չափորոշիչներին չհամապատասխանող կրպակները:

Քաղաքապետի այս հանձնարարականը հարուցել էր բազմաթիվ կրպակատերերի բողոքը, ովքեր պնդում են, որ այդպիսով խախտվում են իրենց իրավունքներն, ու ինչպես նրանցից շատերն են ձեւակերպում` իրենց խլում են օրվա հաց վաստակելու եւ ընտանիքների նվազագույն սոցիալական հարցերը լուծելու հնարավորությունը:

Կրպակատերերի խնդիրը չի վրիպել նաեւ իրավապաշտպանների եւ քաղաքական գործիչների ուշադրությունից: Արդեն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` նշելով, որ «Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործողությունները մայրաքաղաքի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման ժամանակ իրավաչափ չէին, իսկ գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»:

Նախօրեին էլ այս խնդրով խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը:

Կրպակատերերը ձեւավորել են կազմկոմիտե, որի անդամներից Արեւիկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե բողոքի այս ակցիան «իրենց հոգու ճիչն է»:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ սա սոցիալական մեծ խնդիր է, սա մեր քմահաճույքը չէ: Այստեղ քաղաքի տեսքը երկրորդական է, երբ մարդկանց ապրուստի հարցն է [առկա]: Մենք ընդամենը ուզում ենք, որ այն, ինչ ստեղծել ենք, շարունակենք այդտեղ աշխատել, քանի որ այլ աշխատատեղ չկա», - ասաց Արեւիկը:

Կրպակատերերի կազմկոմիտեն արդեն իսկ նամակներ է ուղարկել բազմաթիվ պետական ատյանների, ինչպես նաեւ` Երեւանի ավագանու անդամներին: Ինչպես պնդեց կազմկոմիտեի անդամը, իրենք վճռական են արդարացի պայքարը մինչեւ վերջ շարունակելու հարցում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ավարտել ոչ հիմնական շինությունների գույքագրման աշխատանքներն ու ներկայացնել առաջարկներ դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

«Հաջորդ կետով` օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել Երեւան քաղաքի կենտրոնական փողոցների վրա առկա ինքնակամ, ինչպես նաեւ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետները լրացած կրպակների, տաղավարների եւ ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը: Ընդ որում, եթե շինությունը գործող է, ապա մինչեւ դրա ապամոնտաժումը ապահովել շինությունում աշխատող համապատասխան հաշվառում ունեցող, սոցիալապես անապահով անձանց համարժեք փոխհատուցում տալու կամ այլ աշխատանքով ապահովելու հարցերը», - հավելեց Գեւորգյանը:

Անդրադառնալով օմբուդսմենին հայտարարությանը` Գեւորգյանն ասաց. - «Խոսքը վերաբերել է կոնկրետ 5 օրինական, այսինքն վկայականներ ունեցող, ժամկետի մեջ գտնվող կրպակատերերին ուղարկված ծանուցագրերին: Այդ մասով թերացումը եղել վարչական շրջանի համապատասխան օղակի կողմից ծանուցում ուղարկելը, որը, ըստ էության, որեւէ հետեւանք չի առաջացրել, որովհետեւ տվյալ 5 հիմնական գործող կրպակները այսօր էլ գործում են եւ առայժմ դրանց քանդման հարց չի դրված»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ լսումներ անցկացնելու խնդրանքով դիմել են Ազգային ժողովի վեց մշտական հանձնաժողովներին:

«Որովհետեւ այս խնդիրը ունի արտագաղթի սպառնալիք, ունի ազգային անվտանգության ասպեկտ, որովհետեւ մարդիկ են, ովքեր, սկսած երկրի տնտեսական անվտանգությունից վերջացրած ժողովրդագրական կազմով, իրենց փոքրիկ լուման ունեն: Քաղաքային բյուջեի մուտքերի վրա է ազդելու», - ասաց Սաֆարյանը:

ԱԺ-ի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե հարկ է ընտրություն կատարել` ունենալ գեղեցի՞կ, թե՞ անբարեկարգ մայրաքաղաք. - «Ես կընտրեի գեղեցիկ մայրաքաղաքը` մարդկանց չմոռանալով հանդերձ», - ասաց Հակոբյանը:

ԱԺ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե սա լուրջ հարված է փոքր բիզնեսին, եւ բոլոր միջոցներով հարկ է կասեցնել այս գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG