Մատչելիության հղումներ

Օգոստոսյան պուտչից 20 տարի անց. ռուսաստանցիների գնահատականները միանշանակ չեն


Ռուսաստանցիների գրեթե 40 տոկոսը 1991-ի օգոստոսյան հեղաշրջման փորձը համարում է ողբերգական իրադարձություն, որն աղետալի հետեւանքներ է ունեցել թե՛ պետության, եւ թե՛ ժողովրդի համար: Սա են վկայում մոսկովյան հեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Լեւադայի կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Ռուսաստանցի սոցիոլոգները փորձել են պարզել` ինչպես են ռուսաստանյան հանրության կողմից այսօր ընկալվում ԽՍՀՄ փլուզմանը նախորդած ամիսների բուռն իրադարձությունները: Հետազոտության տվյալների համաձայն, հարցվածների միայն 10 տոկոսն է 20-ամյա վաղեմության իրադարձությունները համարում ժողովրդավարական հեղափոխության հաղթանակ: Ռուսաստանցիների 35 տոկոսի կարծիքով էլ` օգոստոսյան պուտչը Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարության շրջանում ծագած իշխանության համար պայքարի հետեւանք էր:

Ինչ վերաբերում է այն ժամանակաշրջանի քաղաքական դաշտի առանցքային դերակատարաներին` ապա այստեղ եւս ռուսաստանցիների շրջանում տիրող տրամադրությունները միանշանակ չեն:

Այսպես` հարցվածների 42 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը 91-ին օգտվեց երկրում ստեղծված խառը իրավիճակից` իշխանական լծակներին տիրանալու նպատակով: Հարցվածների 27 տոկոսի համոզմամբ, իշխանությունը 91-ին ինքնաբերաբար հայտնվեց նրա ձեռքում եւ այդ ուղղությամբ Ելցինը որեւէ առանձնահատուկ ջանք չէր գործադրել: Հարցման մասնակիցների միայն 11 տոկոսն է պնդում, թե Ելցինը 91-ի օգոստոսին հերոսաբար դիմակայեց հեղաշրջման փորձին` առաջնորդելով տարերայնորեն ծագած ժողովրդավարական շարժումը:

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, ապա հարցվածների 43 տոկոսի համոզմամբ` 91-ի օգոստոսին նա պարզապես շփոթվեց` ձեռքից բաց թողնելով կառավարման լծակները:

Ուշագրավ է, որ ռուսաստանցիների 11 տոկոսն այսօր էլ համոզված է, որ օգոստոսյան պուտչի կազմակերպիչները գործում էին Գորբաչովի լռակյաց համաձայնության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, սակայն, օգոստոսյան իրադարձություններից 20 տարի անց էլ ռուսաստանցիների մի զգալի մասը պնդում է, որ հեղաշրջումը տապալվեց վատ կազմակերպված լինելու պատճառով: Այս տեսակետին է հակված հարցվածների 28 տոկոսը: Լեւադայի կենտրոնի անցկացրած հետազոտության մասնակիցների միայն 15 տոկոսն է կարծում, որ օգոստոսյան հեղաշրջումը տապալվեց ժողովրդի դիմադրության շնորհիվ:

Հավելենք, որ հարցվածների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ 91-ի օգոստոսից հետո Ռուսաստանը սկսեց զարգանալ սխալ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG