Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատում է Google-ին





Ադրբեջանը արտգործնախարարության մակարդակով քննադատում է Google ընկերությանը` իր օնլայն քարտեզներում «ադրբեջանական տարածքների անվանումները աղավաղելու եւ հայերեն տեղանուններ ներկայացնելու համար»:

Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել եւ կոչ է արել ադրբեջանցիներին ակտիվ քայլեր ձեռնարկել այդ տարածքների ադրբեջանական անվանումները «վերականգնելու» ուղղությամբ:

«Այս հարցը գտնվում է արտգործնախարարության մշտական ուշադրության ներքո: Մենք դրա շուրջ պարբերաբար համակարգված աշխատանք ենք տանում դեսպանատների եւ այլ երկրներում հավատարմագրված մեր դիվանագետների հետ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:

Նշենք, որ Google-ի քարտեզներում Ղարաբաղի, ինչպես նաեւ հարակից տարածքների տեղանունները ներկայացված են միայն հայերեն տարբերակներով, մինչդեռ ադրբեջանցիները պահանջում են վերականգնել շրջկենտրոնների ադրբեջանական անունները. Ստեփանակերտի փոխարեն` Խանքենդի, Քարվաճառի փոխարեն` Քելբաջար, Վարանդայի փոխարեն` Ֆիզուլի եւ այդպես շարունակ:

Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել դեսպանատներին` «այս բացթողումները շտկելու համար»:

«Բացի այդ` ուզում եմ նշել, որ այս ծրագիրը բաց է օգտատերերի համար եւ Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենք առաջարկներ ներկայացնել, լուսանկարներ տեղադրել եւ անձամբ շտկումներ կատարել Google Earth-ի քարտեզներում», - ասել է Էլման Աբդուլաեւը:

Թեմային անդրադարձել են նաեւ ադրբեջանցի պատգամավորները: Նրանցից մեկը պնդել է, թե սա հայերի դիվերսիոն խմբի կողմից իրականացվող արշավ է Ադրբեջանի դեմ:

«Եթե այդօրինակ փաստերը հազվադեպ լինեին, կարելի էր դրանք պատահական համարել, սակայն այս ամենը սկսել է համակարգային բնույթ կրել», - հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչ Այդին Միրզազադեն եւ պնդել. - «Մենք պետք է աչալուրջ լինենք, արագորեն արձագանքենք եւ հասնենք արդարության վերականգնմանը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG