Մատչելիության հղումներ

Արման Ավետիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լեւոն Բարսեղյանի


Արման Ավետիսյանը մամուլի ասուլիսում, արխիվային լուսանկար:

Արման Ավետիսյանը մամուլի ասուլիսում, արխիվային լուսանկար:

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը իր արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու համար դատական հայց է ներկայացրել Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյան դեմ` պահանջելով վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, վերջին երկու տարվա ընթացքում Մինաս Ավետիսյանի չորս որմնանկար Գյումրիից տեղափոխվեց Երեւան` 2-ը կառավարության շենք, 2-ը` «Զվարթնոց» օդանավակայան: Այս վերջինների տեղափոխման գործընթացը հանդիպեց գյումրեցիների դիմադրությանը: Որմնանկարները Երեւան տեղափոխելուն դեմ եղան հատկապես արվեստագետները եւ հասարակական մի շարք կառույցներ. կազմակերպվեցին բողոքի ակցիաներ եւ նույնիսկ մի քանի օրով կարողացան կասեցնել որմնանկարների տեղափոխումը:

Լրատվամիջոցներում այդ գործընթացը լայնորեն լուսաբանվեց: Քննադատություն հնչեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի, նկարչի որդու` Արման Ավետիսյանի հասցեին:

Եվ ահա Ավետիսյանը գտել է, որ հրապարակած հոդվածներում ու հաղորդագրություններում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը վիրավորել է իր արժանապատվությունն ու զրպարտել իրեն: Պատճառած վնասի փոխհատուցման ու հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով Արման Ավետիսյանը դիմել է դատարան:

Որպես նյութական փոխհատուցում հայցվորը պահանջել է 2 միլիոն 200 հազար դրամի փոխհատուցում:

Արման Ավետիսյանի փաստաբան Անի Խլղաթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք պահանջել են «հնարավորին ողջամիտ գումարը». - «Գումարը հաշվարկել ենք հետեւյալ կերպ. քանի որ Արման Ավետիսյանը հանդիսանում է «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ տվյալ կառույցը տարեկան ստանում է 20 միլիոն 500 հազար նվիրաբերություն, եւ եթե Արման Ավետիսյանին վերագրվում է ֆինանսական եկամուտների յուրացում, արդեն սպառնալիքի տակ է դրվում այդ գումարի հատկացումը: Ուստի 2 միլիոնը չնչին գումար է»:

Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ «Ասպարեզ» ակումբի կայքէջում հրապարակված հոդվածների ու հայտարարությունների վերաբերյալ Արման Ավետիսյանի պատասխանը տեղադրված է, եւ օրենքով նախատեսված նորմը պահպանվել է, ասաց, թե իր համար անհասկանալի է, թե ինչու մեկ ամիս անց միայն Ավետիսյանը որոշեց դիմել դատարան:

«Ես կասկածներ ունեմ, որ իրեն օգնել են, որ ինքը գլխի ընկնի, որ, չէ, այնուամենայնիվ, դատի տուր», - շարունակեց Բարսեղյանը: - «Պատասխանը հրապարակելուց հետո ինքը ո'չ բարոյական, ո'չ իրավական իրավունք չուներ դիմել դատարան: Մենք պատրաստ ենք դրան: Ավելին ասեմ` ես շատ էի ուզում, որ համարձակվեր եւ դիմեր դատարան, որպեսզի դատարանում ահագին բաներ բացվեն, եւ մենք կբացենք այդ պատմությունները»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը կսկսի քննել սեպտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG