Մատչելիության հղումներ

Ինքնասպանություն գործած դատախազի գործով փորձաքննություն է կատարվում


Գլխավոր դատախազության շենքը
Գլխավոր դատախազության շենքը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ինքնասպանություն գործած դատախազի գործով Հատուկ քննչական ծառայությունը մի քանի փորձաքննություն է նշանակել:

Փորձաքննության է ենթարկվում ոչ միայն 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանի դիակը, այլեւ նրան ամրակցված զենքն ու դեպքի վայրում հայտնաբերված գրությունը:

Համաձայն գլխավոր դատախազության` Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի նստատեղի վրա եղել է գրություն հետեւյալ բովանդակությամբ` «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չեն»: Ըստ նախնական տեղեկությունների` կրակոցն արձակվել է դատախազին ամրակցված ատրճանակով:

Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախնական տվյալներով ծնունդով վանաձորցի դատախազը ինքնասպանություն է գործել: Այս է պատճառը, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով. - «Այլ հոդված այս պարագայում օրենսգիրքը չի նախատեսում», - ասաց Տռուզյանը:

«Գրիգորյանի գլխի քունքային շրջանում հրազենային մեկ վնասվածք է հայտնաբերվել, դիակի նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել», - նշում է Տռուզյանը:

Գրիգորյանը երկու ամիս առաջ էր տեղափոխվել Երեւան: Մինչ այդ աշխատում էր Գուգարքի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնում` որպես դատախազ: Նրա նախկին ղեկավարը` Գուգարքի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի պետ Թեւոս Միրզաբեկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Գրիգորյանին անցած ուրբաթ է հանդիպել:

«Ես նրան ուրբաթ օրը տեսել եմ, եկել էր Վանաձոր, ինձ էլ հանդիպեց, խոսել ենք, նորմալ էր, ուղղակի ասաց, որ շատ ավելի ծանրաբեռնված աշխատանք ունի, գործից դժգոհություն չի հայտնել», - ասաց Միրզաբեկյանը:

Դատախազի դիակը հայտնաբերվել է նրա մոր գերեզմանի մոտ երեկ ժամը 13-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների` դեպքը կատարվել է ժամը 11-ին: Միրզաբեկյանն ասում է, որ իրենց համար անսպասելի էր կատարվածը: Լսելով կատարվածը` նա շտապել է գերեզմանատուն:

«Անձամբ գնացել եմ դեպքի վայր, տեսել եմ, համոզվել եմ, ես նրա ձեռագիրը լավ եմ ճանաչում, տեսել եմ, որ նրա ձեռքով է գրված: Հետագայում փորձաքննություն կնշանակեն, բայց ես կասկածներ չունեմ այդ առումով», - ասաց Միրզաբեկյանը:

Գրիգորյանի նախկին ղեկավարը նրան բնութագրում է որպես հավասարակշռված մարդ, ով իր գործում արդեն հմտացած էր: Միրզաբեկյանն ասում է, որ նա Երեւան էր տեղափոխվել սեփական դիմումի համաձայն: Երեք երեխաների հայր էր, ու որպեսզի արդեն դպրոցն ավարտող երեխային մայրաքաղաքում միայնակ չթողնի, որոշել էր տեղափոխվել ողջ ընտանիքով: Երեւանում բնակվում էր կնոջ ծնողների տանը:

«Չեմ կարող ասել, որ ճոխ [էին ապրում], բայց, համենայնդեպս, երեխաները սոված չէին, նորմալ վիճակում էին», - ասաց Միրզաբեկյանը:

Ըստ գլխավոր դատախազի մամլո քարտուղարի` նախաքննական մարմինը դեպքի վերաբերյալ մի քանի վարկած է քննում: Սոնա Տռուզյանը, սակայն, նախաքննության շահերից ելնելով, չմանրամասնեց այդ վարկածները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գրիգորյանը պարտքեր է ունեցել:

Նախաքննության մարմինն այժմ քննչական գործողություններ է իրականացնում` պարզելու դատախազի արարքի շարժառիթներն ու դրդապատճառները:

please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG