Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստները իրենց ներկայացված մեղադրանքը «սուտ եւ շինծու» են որակում


ՀԱԿ յոթ ակտիվիստները
ՀԱԿ յոթ ակտիվիստները
Հայ ազգային կոնգրեսի երեք ակտիվիստներին` Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, թե նրանք խուլիգանություն են կատարել:

Նախաքննական մարմինը գրավոր փաստաթղթի մեջ մանրամասնում է, թե օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները «անհարկի վիրավորել են իշխանության ներկայացուցիչ հանդիսացող հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին, որի ընթացքում վերջիններիս նկատմամբ գործադրել են բռնություն, քաշքշել, ձեռքերով եւ ոտքերով հարվածել նրանց»:

Արեգ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե իրեն եւ ընկերներին ներկայացված մեղադրանքը սուտ է եւ շինծու:

«Եղել է լրիվ հակառակը. տեղի է ունեցել այն, որ մեր նկատմամբ գործադրվել է բռնություն, եւ դրանից հետո` առեւանգում ոստիկանական բաժին», - ասաց Գեւորգյանը:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների պնդումները ոստիկանների կիրառած բռնությունների մասին փաստում են համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութը: Նրանց պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց մեղադրանքի շարադրանքը. - «Փորձ է արվում ավելի ծանրակշիռ տեղ տալ ոստիկանության վարկածին, ինչպես որ եղել է նախկինում նմանատիպ բազմաթիվ այլ գործերով»:

Հարցին, թե արդյո՞ք նախաքննության ընթացքում փորձ արվում է ստուգել ակտիվիստների` ոստիկանների կիրառած բռնության մասին պնդումները, օրինակ, առերեսումների միջոցով, փաստաբանը պատասխանեց, որ մինչ այժմ որեւէ առերեսում չի կատարվել իր պաշտպանյալների եւ նրանց դեմ վկայած անձանց միջեւ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվել էին նաեւ մյուս չորս ակտիվիստները, որոնցից 3-ը կալանավորված են:

«Իշխանությունները սրանով փորձում են պատասխանատվությունից ազատել այդ բանդային, որը օգոստոսի 9-ին հարձակում է գործել մեր վրա: Մեզ առաջադրված մեղադրանքը բացահայտ եւ միանշանակ սուտ է, եւ սա տրամաբանական շարունակությունն է Ալիկ Սարգսյանի հորինած հեքիաթի», - ասաց այս գործով մեղադրյալ Վահագն Գեւորգյանը:

Քրեական գործի առիթ հանդիսացած միջադեպից երկու օր անց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե երիտասարդ ակտիվիստները մոտեցել եւ սկսել են հայհոյել հասարակական կարգ պահպանելու պարտավորություն ունեցողներին, երբ վերջիններս մի շան դնչկալի առիթով շփվել են այլ քաղաքացու հետ:

Ընդդիմադիր ակտիվիստների փաստաբան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զարմանալի եւ տարօրինակ համարեց այն, որ ոստիկանապետի հայտարարության բովանդակությունը նույնությամբ զետեղվել է մեղադրանքի մեջ, փոխարենը որեւէ հստակ փաստարկ չկա, թե մեղադրյալներից որ մեկն, ի վերջո, ի՞նչ կոնկրետ գործողություն է կատարել:

«Տրաֆարետային մեղադրանք է: Իրականությունը այն է, եւ իրենց էլ քաջ հայտնի է, որ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանն են առաջինը շփում ունեցել հասարակական կարգի պահապանների հետ: Երբ բռնկում է տեղի ունեցել ու տեսել են գետնին ընկած Առաքելյանին եւ Կարապետյանին, հետո նոր մյուս 5-ը վազելով մոտեցել են իրենց ընկերներին օգնության հասնելու համար: Մի խնդիր են ուզեցել լուծել` իրենց ընկերոջը ոստիկանների ոտնատակից հանելը», - ասաց Արսենյանը:

Մինչդեռ ոստիկանապետը հայտարարել էր, թե ոստիկանները որեւէ մեկին մատով չեն կպել:

«Երբ մոտեցել են ոստիկանության աշխատակիցներին, նրանք, ճանաչելով Տիգրան Առաքելյանին, ասել են` գնա քո քաղաքական գործերով զբաղվի: Իսկ երբ մյուսներն են մոտեցել, ասել են` «լեւոնականներն եկան» եւ անմիջապես գետին են փռել եւ բերման ենթարկել», - ասում է Արսենյանը:

Այս գործով ամենածանր մեղադրանքը ներկայացվել է Տիգրան Առաքելյանին` միանգամից 3 հոդվածով` ոստիկանի նկատմամբ վտանգավոր, նաեւ` ոչ վտանգավոր բռնություն, նրան նաեւ խուլիգանության հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման նկարագրական մասում թվարկված են յոթ ակտիվիստների անունները: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այդ շարադրանքի շարունակության վրա. - «Հետաքրքիրն այն է, որ մեղադրանքը առաջադրելու որոշման մեջ գրված է` «եւ գործով չպարզված բազմաթիվ այլ անձանց հետ միասին կատարել են չարամիտ խուլիգանություն: Այսինքն ենթադրվում է, որ դեռ մարդկանց պետք է վերցնեն եւ քրեական հետապնդման ենթարկեն»:

Բոլոր 7 մեղադրյալներն էլ հրաժարվում են ցուցմունք տալուց եւ պահանջում են, որ գործը քննի Հատուկ քննչական ծառայությունը:

«Մեզնից ոչ ոք ցուցմունք չի տվել, որովհետեւ այդ կառույցը կազմակերպել եւ իրականացրել է մեր դեմ տեղի ունեցած ապօրինությունների եւ մեր իրավունքների նկատմամբ ոտնձգությունների հայտնի շարքը», - ասում է Վահագն Գեւորգյանը:

Արեգ Գեւորգյանն ասաց, թե ոստիկանության կողմնակալությունն ապացուցվում է Ալիկ Սարգսյանի հրապարակային հայտարարություններով: Ըստ նրա` բարձրաստիճան ոստիկանները կոպիտ կերպով խախտել են Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ` նախաքննության ընթացքում կողմերի հավասարությունը, եւ կոպտորեն փորձել են ուղղորդել նախաքննություն իրականացնողներին:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG