Մատչելիության հղումներ

Մոտ 10 տարի առաջ ձեւավորված «Ռեինկանարցիա» խումբը ի սկզբանե ռոք խումբ էր, սակայն 2006-ից խմբի անդամները որոշեցին կերպարանափոխվել, ենթարկվեցին «ռեինկարնացիայի» եւ սկսեցին ստեղծագործել ռեգի ոճում:

«Սկսեցի ամեն ինչին տարբեր կողմերից նայել, հարգել եւ սիրել մարդկանց, հենց այդ ժամանակ երաժշտությունն էլ փոխվեց, ստեղծվեց առաջին հայկական ռեգին», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց խմբի մենակատար, երգերի հեղինակ Ռոլանդ Գասպարյանը:

Նոր ոճում նրանց առաջին սինգլը «Արի փախչենք» երգն է, որը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից:

«Առաջին տեսահոլովակը «Ջան Ռաստաման»-ն էր, սակայն այն շատ շուտ հանվեց եւ այլեւս չհեռարձակվեց հեռուստատեսությամբ, հետո արդեն հանդիսատեսին ներկայացրինք «Էլի լավա»-ն», - պատմում էր Ռոլանդը:

Ռոլանդի խոսքով` իրենց ստեղծագործությունները հայկական, աֆրիկյան, սերբիական երաժշտության ոճերի յուրահատուկ խառնուրդ են: Այս ուղղությունը որեւէ սահմանափակում չունի, այն լսում են տարբեր տարիքի` ինչպես ռոքի, այնպես էլ ռեփի սիրահարները:

«Մեր երգերն այսօր լսում են ակումբներում, ռեստորաններում, տանը, բաղնիքում», - ասում է Ռոլանդը:

Ստեղծման օրվանից մինչեւ այսօր խումբը թողարկել է 4 ալբոմ, որոնցից 2-ը ռեգի ոճում են: Առաջինը կոչվում է «60 կմ Ջանֆիդայից Յամայկա», իսկ երկրորդը` «Մի գդալ սեր»։ Ռոլանդը տեղեկացրեց, որ տարեվերջին խումբը հանդիսատեսի դատին կհանձնի միանգամից 2 ձայնասկավառակ:

«Մեկը պատրաստել ենք Լոս Անջելեսում, իսկ մյուսի վրա դեռ աշխատում ենք», - ասաց նա:

2011 թվականը խմբի համար շրջագայությունների տարի է, նրանք նույնիսկ ֆիլմ են պատրաստել արտասահմանյան մի շարք երկրներում ունեցած համերգների մասին:

Խմբի մենակատարը խոսեց այսօր հայկական հեռուստաընկերությունների մատուցած երաժշտությունից: Նրա խոսքով` էստրադային հաճախ անորակ եւ միանման երգերը այնքան են հեռարձակում, որ հանդիսատեսը հաճախ իր կամքից անկախ անգիր է անում դրանք: Ըստ Ռոլանդի` լավ գործերը հեռուստատեսությամբ շատ քիչ պետք է թողարկվեն:

«Այսօր TV-ն ինձ համար 100 տոկոսանոց նեգատիվ ա: Ամեն տեղ պետք է լինի տաքն ու սառը, որ մարդիկ տարբերեն, ես ավելի շատ անդերգրաունդի կողմնակից եմ, իսկ ինձ համար ճիշտ անդերգրաունդը էն ա, որ այսօր այս ակումբում ա, իսկ վաղը ստադիոնում` 60 հազար հոգու համար: Այսօր Հայաստանում կան լավագույն ռոք եւ ջազ խմբերը, պարզապես այդ ամենը պետք է ճիշտ մատուցել», - հավելեց նա:

Անդրադառնալով ռաբիս երաժշտությանը` Ռոլանդն ասաց, որ դրա դեմ պայքարել պետք չէ, քանի որ մարդիկ ռեստորաններում գումար են վաստակում իրենց աշխատանքի դիմաց. պետք է պայքարել հայկական վատ փոփի դեմ:

XS
SM
MD
LG