Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն իրեն արդեն ծուղակն է գցել:

«Ինքն իրեն ծուղակն է գցել. սա արդեն ակնհայտ է եւ ուրիշ երեւույթներից էլ էր երեւում, որ այս ծուղակն արդեն պատրաստ է: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունն էլ ծուղակի մեջ է», - նշեց Հովհաննիսյանը:

Դաշնակցության խմբակցության ղեկավարը նկատի ունի իշխանություն-ընդդիմություն երկխոսության շրջանակներում երեկվա կայացած հանդիպումը: Մինչ հանդիպումը ՀԱԿ-ը հայտարարել էր, թե երկխոսությունը շարունակելու հարցը կախված է անցած շաբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների կարգավիճակից: Մինչդեռ, այս հայտարարությունից հետո հանդիպելով իշխանության ներկայացուցիչների հետ` ՀԱԿ-ը երկխոսության շարունակության մասին որոշում չկայացրեց: Փոխարենը կողմերը քննարկեցին ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը` պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել քննարկումն առաջիկա ուրբաթ: Կողմերը նաեւ պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց` որոշելով շարունակել հանդիպումները:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով ամեն ինչ արդեն պարզ է` «կողմերը որեւէ հարց լուծելու ցանկություն չունեն, բացի առաջիկա ընտրություններում միմյանց մեջ աթոռներ կիսելը»:

«Ամեն ինչի հետ պատրաստ են իրենք համակերպվել` ե՛ւ իրենց կողմնակիցներին «խոշտանգելու» (չակերտների մեջ եմ ասում, որովհետեւ չգիտեմ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ), ե՛ւ նաեւ «ոչ լեգիտիմ» պատգամավորների հետ բանակցելու», - նշեց Հովհաննիսյանը: - «Ահա այս պատկերի մեջ երբ նրանք գտնվում են, զարմանալ, որ նրանք մի գիշերվա ընթացքում կարող են դիամետրալ կերպով փոխել իրենց տեսակետը, արդեն պետք չէ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG