Մատչելիության հղումներ

Ինդիանապոլիսում համերգի ժամանակ բեմահարթակի փլուզման զոհերից մեկը հայ էր




Շաբաթ օրը Միացյալ Նահանգների Ինդիանապոլիս քաղաքում համերգի ժամանակ բեմահարթակի փլուզման 5 զոհերից մեկը հայկական ծագում ունի։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ համառոտ տվյալներ ներկայացնելով բոլոր 5 զոհերի մասին:

23-ամյա Ալինա Բիգջընին հայ էմիգրանտի դուստր էր: Դժբախտ պատահարի հաջորդ օրը ընտանիքի անդամները պատրաստվում էին նշել Ալինայի ծննդյան օրը:

2011-ին նա ավարտել էր Ինդիանա նահանգի Մանչեստր քոլեջը եւ բոլորովին վերջերս աշխատանքի հրավեր էր ստացել՝ անգլերեն դասավանդելու Մանսի բարձր դպրոցում:

Իր ինքնակենսագրականում Ալինան գրել էր․ - «Քանի որ իրական աշխարհ եմ մտնում, ես ինձ հետ կվերցնեմ այն, ինչ սովորել եմ իմ կյանքում: Հույս ունեմ, որ կկարողանամ գիտելիքներ ու կրթություն սերմանել իմ աշակերտների մեջ: Ես կկատարեմ իմ կյանքի հաջորդ քայլերը միշտ հետ նայելով՝ հիշողության եւ վստահության համար, եւ միշտ առաջ նայելով՝ հավատի ու հույսի համար»։

Նրա մասին մեծ հոդված է տպագրվել Journal-Gazette պարբերականում:

Դանիել Ստոյը, ով Ալինայի հետ քոլեջում է սովորել եւ նրա լավագույն ընկերներից էր, ասել է, որ Ալինան ուրախ, պոռթկուն եւ պարզապես զարմանալի աղջիկ էր, սիրում էր իր ընտանիքի անդամներին եւ դա նրա համար առաջնային էր:

«Նրա դեմքին միշտ ժպիտ կար», - ասել է Ալինայի դպրոցական ընկերներից մեկը՝ Արթուրո Պենան, - «Նա երբեք բարկացած չէր լինում, շատ խելացի էր, հոգատար ու սիրող։ Երբ որեւէ վատ բան էր պատահում, նա վանում էր այն․ ահա թե ինչպիսի անձանավորություն էր նա»:

Facebook սոցիալական ցանցում Պենան Ալինայի համար հիշատակի հավաք էր կազմակերպել: Ֆորտ Ուեյնում, որտեղ ապրում էր Ալինան, կիրակի օրը անընդհատ անձրեւ է տեղացել: Նրա ընկերները մոմերով, լուսանկարներով ու ծաղիկներով հավաքվել էին այն դպրոցում, որտեղ սովորել էր Ալինան, հետո գնացել են նրանց տուն՝ հիշատակի արարողության ու Ալինայի մորը ցավակցություն հայտնելու համար:

Շաբաթ երեկոյան Ինդիանապոլիսում Sugarland խմբի համերգի ժամանակ ուժեղ քամուց փլուզվեց բեմահարթակը։ Դժբախտ պատահարի հետեւանքով 5 մարդ զոհվեց, վնասվածքներ ստացած 45 մարդ տեղափոխվեց հիվանդանոց:

Նահանգապետ Միթչ Դենիելը ասել է, որ քամու պոռթկումը շատ հանկարծակի էր եւ ոչ ոք չէր կարող դա կանխատեսել:
XS
SM
MD
LG