Մատչելիության հղումներ

logo-print
«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները ինձ պարզապես ցնցել են», - հայտարարել է Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լյոնինգը՝ ով այսօր ավարտում է իր եռօրյա այցը Բաքու։

Լրագրողների հետ զրույցներում Լյոնինգը մատնանշում էր մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները` անօրինական ձերբակալություններից մինչեւ սեփականության իրավունքի խախտումներն ու քաղաքական գործունեության համար ձերբակալվածների առկայությունը:

«Ես, օրինակ, ցանկանում էի հանդիպել ազատազրկված բլոգեր Բախտիյար Հաջիեւի հետ: Այցից երկու շաբաթ առաջ էի Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել իմ այս ցանկության մասին; Մեզ գրեթե մեկուկես ժամ պահեցին քրեակատարողական հիմնարկի դարպասների մոտ եւ ի վերջո հայտարարեցին, թե հանդիպումը չի կայանա։ Ես կարծում եմ, որ այլ երկրի Օմբուդսմենի նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է», - նշում է Լյոնինգը:

Գերմանացի իրավապաշտպանը նաեւ պնդում է, որ այսօր Ադրբեջանում սեփականության իրավունքի խախտումները համատարած բնույթ են կրում:

«Սեփականության իրավունքի խախտման ամենացայտուն դեպքերից մեկը իրավապաշտպան Լեյլա Յունուսի ղեկավարած «Խաղաղության եւ ժողովրդավարության» ինստիտուտի շենքի քանդումն էր: Ես պարզապես ցնցված էի, երբ տեսա այն կադրերը, որտեղ հստակ երեւում էր, թե ինչպես են ինչ-որ մարդիկ մի քանի մետր այն կողմ վաճառում քանդված այդ շենքից հանած պատուհանները», - նշում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օմբուդսմենը:

Մարկուս Լյոնինգի խոսքով, եվրոպացիներին մտահոգում է նաեւ ադրբեջանական ոստիկանության գործելաոճը:

«Եթե նախորդ տարի ոստիկանական բաժանմունքներում պաշտոնապես արձանագրված կտտանքների թիվը 57 էր, ապա անցած յոթ ամիսներին դրանց թիվը հասել է 89-ի», - փաստում է Գերմանիայի օմբուդսմենը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG