Մատչելիության հղումներ

Դալմային այգիների նախկին վարձակալներից շատերը չեն ստացել փոխհատուցման գումարները


Դալմայի այգիների 35 նախկին վարձակալների հույսերը գնալով մարում են, թեեւ Երեւանի իշխանությունները շարունակում են հայտարարել նրանց աջակցելու մասին:

4 ամիս առաջ հանդիպելով քաղաքապետի հետ` այգիների նախկին վարձակալները հավաստիացումներ էին ստացել, թե առաջիկայում համարժեք փոխատուցում կստանան նախկին այգիների այժմյան սեփականատերից: Մինչդեռ, ինչպես պնդում է «Դալմա Սոնա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը, փոխհատուցման հարցը առայսօր չի լուծվել. - «Մենք արդեն սկսում ենք կասկածեց»:

Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հպանցիկ անդրադարձ է եղել նաեւ փոխհատուցման գնին: Ղազարյանի փոխանցմամբ, քննարկվել է տարածքի մեկ քառակուսի մետրի դիմաց 5-10 դոլարին համարժեք դրամ գինը:

Առաջարկվող գումարը թեեւ չի գոհացնում Դալմայի այգիների նախկին վարձակալներին, սակայն նրանք գտնում են, որ անգամ այդ պայմաններով քաղաքապետ Կարեն Կարապետյանը չի կարողանում այս հարցը լուծել:

Ըստ նախկին այգետերերի, կան տարածքներ, որոնց ներկայիս սեփականատերերն անգամ քաղաքապետարանին հայտնի չեն:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկանին վստահեցրեց, մինչդեռ, թե քաղաքապետարանն իր ուշադրության տակ է պահում նախկին այգետերերի խնդրանքը. - «Հանդիպումները պարբերական բնույթ են կրում եւ սեփականատերերի հետ բանակցություններ են վարվում: Քննարկումների արդյունքում հողամասի ներկայիս սեփականատերերը հայտնել են իրենց համաձայնությունը հողօգտագործողներին դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Եվ այդ նպատակով անհրաժեշտ են համարել հողօգտագործողների հետ նաեւ բանակցություններ իրականացնել»:

Սարդարյանն ասում է, թե հողատերերից 10-ի փոխհատուցման խնդիրն արդեն լուծված է: Ընթացքի մեջ է եւս 3-ի փոխհատուցման հարցի լուծումը: Չլուծված է մնում 35 նախկին այգետերերի փոխհատուցման հարցը: Քաղաքապետարանում հայտարարում են, որ գործընթացը շարունակվում է` նշելով միաժամանակ, որ փոխհատուցման գնի շուրջ բանակցություններն արդեն նախկին այգետետերի ու տարածքների այժմյան սեփականատերերի լուծելիք հարցն է:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի ներկայացրած թվերի հետ, թե` փոխհատուցում չեն ստացել 48 նախկին այգետերեր, «Դալմա Սոնա» կազմակերպությունում համաձայն չեն: Կազմակերպության ղեկավարը նամակ է պատրաստել Երեւանի քաղաքապետի հասցեով, որպեսզի վերջնականապես պարզի շուրջ 1800 նախկին այգետերի փոխհատուցման պատկերը:

Հայաստանի կառավարության որոշմամբ` 8 տարի առաջ Երեւանի կանաչ գոտիներից մեկը` Դալմայի այգիները, ճանաչվելով որպես հանրային գերակա տարածք, օտարվեց` հետագայում վաճառվելով տարբեր անհատների ու կազմակերպությունների: Ավելի քան 700 հեկտար տարածք գրավող այգիների վարձակալները արդյունքում զրկվեցին հողատարածքներից: Տարածքները վաճառվեցին տարբեր ընկերությունների, մի մասն էլ հանձնվեց համայնքին:

Նախկին այգետերերը չհաշտվելով որոշման հետ` շարունակում են պնդել, որ կառավարությունն իր որոշմամբ խախտել է մի քանի օրենք` շրջակա միջվայրին վնաս պատճառելուց զատ իրենց նաեւ զրկել է տարիներով օգտագործվող հողի նկատմամբ սեփականություն գրանցելու իրավունքից:

Տարիների ընթացքում այգիները ամայացան` կանաչ գոտուն փոխարինելու եկան նորակառույցները, որոնց մի մասը մինչեւ օրս կիսադատարկ է: Դալմայի այգիների արդեն նախկին տերերը ցավով են ցույց տալիս քանդված այգիները` ասելով, թե ոչ մի գումար չի կարող փոխարինել այգիներին:

ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը անցած ամիս Քիշնեւում Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ընթացքում քննարկելով նաեւ Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքը` իր եզրակացությամբ ամրագրել էր խախտումներ, որոնցից մեկն առնչվում է Դալմայի այգիների օտարմանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG