Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատախազի դիակը` մոր գերեզմանի մոտ


Այսօր Վանաձորի քաղաքային գերեզմանատանը հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը ` գլխի քունքային շրջանում հրազենային մեկ վնասվածքով: Դիակը հայտնաբերվել է Գրիգորյանի մոր գերեզմանի մոտ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նախնական տվյալներով` կատարվել է ինքնասպանություն հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է ատրճանակը եւ մեկ պարկուճ:

Գերեզմանատան մոտ հայտնաբերվել են Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, որի նստատեղի վրա եղել է գրություն այն մասին, որ ոչ մեկին մեղադրել պետք չէ:

Ըստ նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 11-ի մոտակայքում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով` տվյալ «ինքնասպանության հասցնելու» կասկածանքով:

Արամ Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին` Վանաձոր քաղաքում: Նա 2 ամիս առաջ էր նշանակվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնում:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG