Մատչելիության հղումներ

Կարեն Դրամբյանի ուզածը «բազմամշակութային Էստոնիան էր»


Էստոնիա -- Հատուկ ծառայությունները հսկում են պաշտպանության նախարարության մուտքը

Էստոնիա -- Հատուկ ծառայությունները հսկում են պաշտպանության նախարարության մուտքը

Անցած հինգշաբթի օրը Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքի վրա զինված հարձակում իրականացրած Կարեն Դրամբյանը տեղի ռուսալեզու բնակչության շրջանում բավական ճանաչված անձնավորություն էր: Դա են վկայում վերջին օրերին էստոնական եւ արեւմտյան մամուլում ի հայտ եկող տեղեկությունները:

Դրանց համաձայն, փաստաբանական գործունեությամբ զբաղվող Դրամբյանը 2007-ին դատարանում ներկայացնում էր այն ռուս երիտասարդների շահերը, որոնք ձերբակալվել էին ոստիկանների հետ բախումների ընթացքում: Չորս տարի առաջ Տալինում սկիզբ առած այդ անկարգությունների պատճառը Էստոնիայի իշխանությունների որոշումն էր` ապամոնտաժել Հայրենական պատերազմի զոհերի քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանը: 2007-ի ձմռանը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կարեն Դրամբյանը ասել է. - «Զանգվածային անկարգություն ասելը շատ մեղմ ձեւակերպում է: Իրականում էստոնական իշխանությունների գործողությունները կարող են երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին: Այս հուշարձանը ինձ համար նաեւ իմ հոր շիրիմն է խորհրդանշում, որին հասնելու համար ես շատ երկար ճամփա պետք է կտրեմ»:

Իսկ ինչո՞ւ Դրամբյանը որոշեց հարձակվել հենց պաշտպանության նախարարութան շենքի վրա: Էստոնական մամուլում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, նրա իրական նպատակը Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարի սպանությունն էր: Լաարին հաճախ էստոնական ազգայնականության գաղափարախոս են անվանում: Ինքը` Մարտ Լաարը, Washington Times պարբերականի թղթակցի հետ զրույցում պնդել է, թե Կարեն Դրամբյանը «ռուսական հզոր քարոզչության ազդեցության տակ էր»:

Washington Times-ը նաեւ հատվածներ է մեջբերում Դրամբյանի տան խուզարկության ընթացքում հայտնաբերված մի ձեռագրից, որը լրագրողները արդեն իսկ հռչակել են որպես «Դրամբյանի մանիֆեստ»:

«Իշխանությունները մեզ ոչխարի տեղ են դրել: Ինչ դիմակի տալ էլ նրանք թաքնվեն, միայն մեզանից է կախված` արդյո՞ք կգոյատեւենք այսպես կոչված էստոնական ժողովրդավարության պայմաններում, թե՞ մեզ պարզապես կվտարեն այս նեոֆաշիստական պետութունից», - գրել է Դրամբյանը: Նրա համոզմամբ, եթե էստոնական իշխանությունները շարունակեն այն քաղաքականությունը, որը որդեգրել են փոքրամասնությունների հանդեպ` «լինելու են արյան գետեր, կատարյալ չքավորություն եւ ապակայունացում, կծաղկի հանցավորությունը»:

Թենգո Գոգոտաշվիլին` այն լրագրողը, ով 2007-ին հացազրույց էր վերցրել Դրամբյանից, էստոնական հեռուստատեսության երրորդ ալիքին տված հարցազրույցում պնդում է, թե Էստոնիայի անկախության գաղափարը խորթ էր անհաջողակ ահաբեկչին:

«Դրամբյանն այն սերնդի ներկայացուցիչներից էր, որն այդպես էլ չկարողացավ համակերպվել Խորհրդային Միության փլուզման հետ: Նա խիստ զայրացած էր իր իսկ պետության` Էստոնիայի վրա: Նրա ուզածը բազմամշակութային Էստոնիան էր, այլ ոչ թե պետություն միայն էստոնացիների համար: Փաստորեն նրա ցանկությունը` Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վերադարձն էր», - համոզված է վրացի լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG