Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ երիտասարդները Հայաստանից կմեկնեն գիտելիքներով վերազինված


Դեռ տարեսկզբին Սփյուռքի նախարարությունը սկսեց մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտար սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներին գալ ու հայրենիքում ծանոթանալ միմյանց հետ, մշակել ծրագրեր, գտնել որոշ խնդիրների լուծումներ:

Նամակներ ուղարկվեցին Հայաստանից դուրս գործող հայկական դեսպանատներին: Ծրագրի վերջնաժամկետին նախարարությունը ստացավ 50-ից ավելի դիմումներ:

Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ մասնակիցների տարիքը պետք է լիներ 21-30 տարեկան, դասընթացները նախատեսված էին հայերենով, աղջիկների ու տղաների մասնակցությունը պետք է լիներ 50-50 հարաբերակցությամբ: Ի վերջո, հուլիսի վերջին Հայաստան եկան 27 մասնակից շուրջ 10 երկրներից:

«Մենք Տարտու քաղաքում ունենք շատ հայ երիտասարդներ, բայց չգիտենք թե ինչ հնարավորություն է տալիս Հայաստանը սփյուռքում գտնվող երիտասարդներին: Հիմա իմացանք, որ հայաստանյան բուհերը տեղ են հատկացնում սփյուռքի երիտասարդներին ու կան շատ ծրագրեր` Արի տուն, այս նախագիծը, ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, ու հիմա մենք այդ ինֆորմացիան կփոխանցենք այնտեղի մեր երիտասարդներին», - նշում է Ավետիսը:

Նա Հայաստան է եկել Էստոնիայի Տարտու քաղաքից: 2007 թվականից զբաղվում է տեղի հայկական համայնքի երիտասարդական հարցերով: Ավետիսը նշում է, որ հայրենիքից հեռու ապրելու ու տարաբնույթ կենցաղային խնդիրներ ունենալու պատճառով, ծնողները երբեմն մոռանում են երեխաների հայեցի դաստիարակության մասին, իսկ հիմա այդ խնդիրն իրենք վերցրել են իրենց ձեռքը:

Դասընթացների տեւողությունը կազմել է երկու շաբաթ` օգոստոսի 1-ից 14-ը: Մասնակիցները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, Սփյուռքի նախարարի ու այլ պաշտոնյաների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ինչպես նաեւ հայրենիքը ճանաչելու համար կազմակերպվել են այցելություններ պատմամշակութային արժեք ունեցող վայրեր:

Անահիտը եկել էր Հոլանդիայից, բայց` մեծ մտահոգություններով: Նա նշում է, որ այսպիսի ծրագրերը միշտ ձեւական բնույթ են ունենում: Հեռանում է, սակայն, գոհ ու մեծ տպավորություններով:

Նա նշում է, որ իր համար բացահայտում էր, երբ իմացավ, որ 4-րդ դարում Հայաստանը գոյություն է ունեցել քարտեզների վրա ու հիմա պատրաստվում է այդ ինֆորմացիան կիսել այնտեղի երիտասարդների հետ` դասախոսություններ կազմակերպելով:

Մանուշ Եսայանն էլ բնակվում է Ռուսաստանում: Նրա համար սա հայրենիքի մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն էր. - «Մինչ այս մենք կազմակերպում էինք միջոցառումներ կապված Եղեռնի հետ, Հայաստանի անկախության հետ, Նոր տարվա հետ, ինֆորմացիա էինք որոնում ինտերնետում, որը շատ դեպքերում լինում էր աղավաղված, իսկ ծրագրի շրջանակներում ծանոթացանք մասնագետների, դասախոսների ու պաշտոնյաների հետ, որոնք մեծ պատրաստակամությամբ այսուհետ կօգնեն մեզ ստանալ ցանկացած ճշգրիտ տեղեկություն Հայաստանի մասին»:

Ատոմ Մխիթարյանը խոսելով ծրագրի նպատակներից` նշեց. - «Նպատանք ունեինք կապեր հաստատել հայկական տարբեր համայքների միջեւ, զարգացնել հայրենիք - սփյուռք, ինչպես նաեւ սփյուռք - սփյուռք գործակցությունը ու դա մեզ մոտ հաջողվեց»:

please wait

No media source currently available

0:00 0:06:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG