Մատչելիության հղումներ

logo-print

Սիրված երգիչ եւ երգահան Սերժ Թանկյանը հաճախ է բարձրաձայնում սոցիալական անարդարության, ցեղասպանությունների ճանաչման, կենդանիների եւ բնության պահպանման խնդիրները:

Այս եւ այլ հետաքրքիր թեմաներով է զրուցել երգիչը երկուշաբթի օրը լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Երգիչն ամենից առաջ խոսեց տպավորություններից, որ օգոստոսի 14-ի համերգից էր ստացել:

«Նախորդ տարվա Մարզահամերգային համալիրում կայացած համերգը մի բան էր, որ ես չեմ կարող բացատրել: Այն իրոք հրաշալի էր, բայց երեկ ներկաների այն «բանակի» հետ` ամենուր էմոցիոնալ, մի նոր բարձր մակարդակ էր, որ ես նախկինում չեմ ունեցել», - ասաց Թանկյանը:

Սերժ Թանկյանը մտահոգություն հայտնեց Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը Ցեղասպանության ճանաչման հարցն է:

«Բոլոր երկրներն էլ ունեն խնդիրներ եւ բոլորն էլ հսկայական խնդիրներ են մարդկանց համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք շատ համբերատար եւ իմաստուն` մեր պետության խնդիրները լուծելու համար: Ես գտնում եմ, որ սա գեղեցիկ քաղաք է, գեղեցիկ մարդիկ են, ու այստեղ կա մեծ պոտենցիալ եւ շատ էներգիա: Մենք կարող ենք լուծել մեր խնդիրները: Մենք պետք է հաստատուն լինենք: Դուք պետք է բարձրաձայնեք եւ չվախենաք», - հորդորեց հայտնի երգիչը:

Հանդիպման ժամանակ ներկաներին հնարավորություն տրվեց հարցել ուղղել երգչին: Որպես բնապահպանական ակտիվիստ եւ Թեղուտի խնդրին ծանոթ մեկը` Սերժը Թանկյանին առաջարկվեց գնել Թեղուտի անտառը:

«Շնորհակալություն ինձ հարուստ որակելու համար, բայց ես կարծում եմ, որ այդ անտառը պետք է հանրային լինի: Որքան ես գիտեմ, այն հանրային անտառ չէ, այդպես չէ՞: Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ պետք է մտածել, թե ինչ կարելի է անել: Կարելի է փորձել յուրաքանչյուր տարի գնել անտառի որեւէ հատված», - ասաց Թանկյանը:

Անդրադարձ եղավ Ցեղասպանության հարցին եւ առաջարկվեց երգչին լինել այն անձը, ում երիտասարդները կցանկանան նմանվել: Թանկյանը, հիշելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը, նշեց. - «Ես կարծում եմ, որ մենք պետք է միայն ինքներս մեզ հավատանք: Ես չեմ ուզում լինել իդեալ, ես ուզում եմ լինել ձեզանից մեկը, ձեր մասնիկը: Եթե ես կարողանամ օգնել, հրաշալի կլինի, բայց ես նաեւ ուզում եմ լինել ձեզ նման մեկը»:

Սերժ Թանկյանը անդրադարձավ նաեւ իր մանկության եւ պատանեկության տարիներին լսած երաժշտությանը:

«Ավելի շատ հայկական երաժշտության հնչյունների տակ եմ մեծացել, թեեւ լսել եմ նաեւ արաբական, եվրոպական երաժշտություն: Հայրս այդ ընթացքը երբեմն ընդմիջում էր պանկ, մետալ, հիպ-հոպ երաժշտությամբ: Ես 4 ամսականում դեթ մետալ եմ լսել: Հիմա էլ ամեն ինչ լսում եմ` դասական, ջազ... Ընտանիքում իմ հայրը աշխատում էր, ստեղծագործում: Ես էլ էի ստեղծագործում ու դա ինձ դուր էր գալիս», - ասաց նա:

XS
SM
MD
LG