Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահը «աննախադեպ» հրապարակային ընտրություններ է կանխատեսում


ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյան

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները բացառիկ են լինելու իրենց հրապարակայնությամբ եւ թափանցիկությամբ` արդեն 2012 թվականին կիրառվելիք մի շարք նորամուծությունների շնորհիվ:

«Այս ընտրությունների հրապարակայնությունը լինելու է աննախադեպ անցած ընտրությունների հետ համեմատած: Հիմա ԿԸՀ-ն օրենքով պարտադրված է ամեն 3 ժամը մեկ` սկսած ժամը 11:30-ից իր կայքում ունենալ ընտրությունների մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի: Նման բան ոչ միայն Հայաստանում չի կիրառվել, այլեւ շատ-շատ եվրոպական երկրներում: Փաստորեն մենք ունենալու ենք մոտ 2000 ընտրական տեղամաս, եւ ցանկացած մարդ իր տանը նստած կարող է տեսնել, թե իր տեղամասում քանի մարդ է արդեն մասնակցել ընտրությանը: Մյուս բոլոր անհարկի խոսակցությունները, թե վերջին երեք ժամում 500 հազար մարդ մասնակցեցին, կփակվեն», -ասաց Ազարյանը:

Գարեգին Ազարյանը նաեւ վերահաստատեց իր` ավելի վաղ արած հայտարարությունը, թե Հայաստանի ընտրական համակարգը համապետական ընտրություններին պատրաստ կլինի 2012-ի հունվարի 1-ից սկսած` նշելով, որ նոր Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում ավելի վաղ ընտրությունների անցկացում, եւ դա հնարավոր չէ ո'չ տեխնիկապես, ո'չ էլ իրավական տեսանկյունից:

«Ժամկետները, որ նշված են Ընտրական օրենսգրքի 167-րդ հոդվածում, ուժի մեջ են մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Այսինքն կան պայմաններ, որոնք հունվարի 1-ից են ուժի մեջ մտնելու, եւ ընտրական համակարգը պարզապես չի կարող դրանից առաջ ընկնել», - ասաց Ազարյանը:

Հարցին` եթե իրականանա արտահերթ ընտրությունների սցենարը, ի՞նչ պետք է արվի այդ դեպքում, Ազարյանը պատասխանեց. - «Եթե [իշխանությունը եւ Հայ ազգային կոնգրեսը] կգան համաձայնության, եւ անհրաժեշտ կլինի իրականացնել ընտրությունները, ԿԸՀ-ն Ազգային ժողովի հետ միասին կգտնի համապատասխան լուծումներ»:

Նորամուծությունների շարքում Գարեգին Ազարյանը հիշատակեց նաեւ այն, որ անձնագրում դրվող թանաքային դրոշմները 12 ժամից հետո կվերանան: Փաստորեն, դրանից հետո հնարավոր չի լինի պարզել, թե տվյալ մարդը քվեարկել է, թե` ոչ:

ԿԸՀ նախագահը նշեց, որ ինքը մշտապես աշխատում է նորմուծությունների ուղղությամբ եւ վերջերս մի քանի առաջարկներ է արել: Օրինակ, եթե ընտրական համակարգում նախկինում քվեարկում էին կողմ, դեմ կամ ձեռնպահ, հիմա արդեն ընտրական հանձնաժողովները քվեարկության երկու տարբերակ կունենան` կողմ կամ դեմ:

Հարցին, թե արդյո՞ք այդ բոլոր նորամուծությունները կնպաստեն արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելուն, ԿԸՀ-ի նախագահը պատասխանեց, որ իրենցից պահանջվում է կազմակերպել ընտրությունները, իսկ վերահսկողությունը այլ մարմինների գործառույթն է` վստահված անձանց, դիտորդների եւ այլն:

«Ամենակարեւոր խնդիրը, որ կարողանանք բաժանել` ով է պատասխանատու ընտրությունների կազմակերպման համար, ով է պատասխանատու թափանցիկ անցկացնելու եւ վերահսկողության հնարավորություն տալու համար եւ ով է պատասխանատու, որ իրականացնի վերահսկողական ֆունկցիան», - ասաց Ազարյանը:

Համեմատելով երկուշաբթի օրը կազմավորված 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նոր կազմերը հների հետ, տեսնում ենք, որ յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովի 7 անդամներից 4-ը կամ 5-ը նոր անդամներ են: Նրանց անունները հին ցուցակներում չկան: Ազարյանն այս փաստը մատնանշում է որպես արդար ընտրությունների երաշխիք եւ առաջիկա ընտրություններին կանխատեսում ժողովրդի ակտիվ մասնակցություն: ԿԸՀ-ի նախագահը ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունների եռյակում տեսնել նաեւ ընդդիմադիր ուժ: Ազարյանը չմանրամասնեց, թե ո'ր ընդդիմադիր ուժին նկատի ունի:

«Ես էլ եմ շփվում, գիտեմ` ինչ ռեսուրս ունեն կուսակցությունները հասարակության մեջ: Ես ինձ համար առնվազն երեք այդպիսի կուսակցություն կարող եմ առանձնացնել, իհարկե, դրա մասին բարձրաձայն չեմ ասի», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Գարեգին Ազարյանը գլխավորում էր նախկին ԿԸՀ-ն եւ մեկ ամիս առաջ միաձայն վերընտրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրական օրենսգրքում կատարված իր կողմից առաջարկած փոփոխությունների շարքում Ազարյանը նշեց նաեւ հանձնաժողովի անդամների աշխատավարձերի բարձրացումը:

«Ինձ համար սա լավագույն տարբերակն է, որովհետեւ ես չունեմ սեփական բիզնես կամ կուտակած միջոցներ: Ես աշխատում եմ, եւ նաեւ իմ խնդրանքով Ընտրական օրենսգրքում կատարվել է փոփոխություն, երբ բարձրացվել են մեր աշխատավարձերը: Եթե լիներ այլ առաջարկ, ես հաճույքով կգնայի եւ կաշխատեի այլ տեղում` շատ ավելի հանգիստ եւ չէի տանջվի օրը 10-12 ժամ», -ասաց Ազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG