Մատչելիության հղումներ

Նոր ուսումնական ռազմավարություն ծրագրի շնորհիվ սեպտեմբերից Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների 6-12 տարեկան բոլոր աշակերտներին տրվելու են համակարգիչներ:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է մինչեւ տարեվերջ բաժանել 3600 համակարգիչ: Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտներին եւ ուսուցիչներին ուսումնական գործընթացում օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինտերակտիվ մեթոդներ կիրառել:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը նշեց, որ բարերար Էդուարդո Էռնեկյանը որոշել է ծրագիրը սկսել Ղարաբաղից, քանի որ կարծում է, որ Ղարաբաղը դրա կարիքն ավելի շատ ունի:

«Երեխաները համակարգիչները կարող են տուն տանել, այդպիսով ընտանիքը եւս հնարավորություն կունենա օգտվել, իսկ տարրական դպրոցն ավարտելուց հետո այն չենք վերցնի, համակարգիչը կմնա երեխային», - ասաց Շիրինյանը:

Համակարգիչները սովորական չեն: Առաջին հայացքից խաղալիք հիշեցնող սարքերը հատուկ մշակված են երեխաների համար: Շիրինյանի պնդմամբ` դրանցից շատ հեշտ է օգտվել: Համակարգիչների ստեղնաշարերը հայատառ են, դրանք նաեւ ջրակայուն են, դիմանում են հարվածներին, ընկնելու դեպքում չեն կոտրվում, լիցքավորվում են արեւից, եւ երեխաները դրանք կարող են օգտագործել մի քանի ժամ:

Շիրինյանն վստահեցրեց, որ ինտերնետ կապ լինելու դեպքում իրենք մտադիր են համակարգիչներ տրամադրել նաեւ Ղարաբաղի մյուս քաղաքների եւ գյուղերի դպրոցներին:

Նախատեսվում է համակարգիչներով ապահովել շուրջ 22. 000 աշակերտների:

Սեպտեմբերից հատուկ դասընթացներ կանցնեն 140 ուսուցիչներ: Նրանք կսովորեն օգտվել եւ կիրառել ծրագրերը, կանցկացվեն նաեւ օնլայն վերապատրաստումներ:

Հիմնադրամը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի կրթության նախարարության հետ, վերջինս տրամադրել է դպրոցական ծրագերը, որոնք մուտքագրվել են համակարգիչներ:

Ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը տեղեկացրեց, որ այդպիսի համակարգչային ծրագրեր կիրառվում են աշխարհի մոտ 40 երկրներում. - «Սկզբնական շրջանում ծրագիրը նախատեսված է եղել զարգացող երկրների համար, սակայն հիմա կիրառվում է մի շարք երկրներում: Համակարգիչներն ու ծրագիրը մշակվել են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում:

Յուրաքանչյուր համակարգիչ արժե 270 դոլար: Հայաստանում ընդհանուր ծրագրի արժողությունը 1,5 մլն դոլար է:

Դյուվալն ասաց, որ սա հզոր գործիք է, որը ոչ միայն արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը, այլեւ աշակերտներին հնարավություն կտա կապվել աշխարհի հետ :

Կազմակերպիչները նշեցին, որ եթե Ղարաբաղում ծրագիրը հաջող անցնի այն իրականացնելու են նաեւ Հայաստանում:

XS
SM
MD
LG