Մատչելիության հղումներ

Մանոյանը ՀԱՊԿ գագաթնաժողովը անարդյունավետ է համարում ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից


Կիրո Մանոյան
Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ անցած ուրբաթ Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում էր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, արդյունավետ չի եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Այն փաստը, որ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը առանձին հանդիպում կարծես թե չեն ունեցել, վկայում է այն մասին, որ Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումն էլ այնքան դրական չի եղել», - կարծիք հայտնեց Մանոյանը երեքշաբթի կայացած ասուլիսում:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հանդիպում էին ունեցել Սոչիում մինչեւ Աստանայի գագաթաժողովը: Այդուհանդերձ, ըստ Կիրո Մանոյանի չի բացառվում, որ Մեդվեդեւ-Սարգսյան առանձնազրույց տեղի է ունեցել, սակայն այդ մասին չի հաղորդվում:

«Ադրբեջանի կեցվածքի պատճառով չի կարելի ակնկալել, որ իսկապես մինչեւ տարեվերջ ինչ-որ դրական առաջընթաց լինի: Նախագահ Մեդվեդեւը շահագրգռված էր, որ դրական եզրակացություն լինի, բայց չի երեւում, որ նման դրական կեցվածք կա», - ասաց Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավարը առաջիկայում կանխատեսում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սառեցում:

«Մի բան պարզ է. եթե մինչեւ տարեվերջ դրական արդյունք չլինի, եւ արդեն ասացի, որ հիմք չկա կարծելու, որ դրական արդյունք կլինի, ապա Ռուսաստանի նախագահական ընտրությունները հաշվի առնելով, պիտի ակնկալել, որ գործընթացը ինչ-որ չափով կսառի, եւ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ինչ-որ նոր ակտիվություն կցուցաբերվի», - ասաց Մանոյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանը փորձում է երաշխիքներ ստանալ եռակողմ հանդիպման համար, իսկ այդ հարցում, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, առանցքայինը Ադրբեջանի դիրքորոշումն է:

«Ռուսաստանը ուզում է իրեն ապահովագրել: Եթե Ռուսաստանը չունենա երաշխիքներ, որ կստորագրվի փաստաթուղթ առաջիկա հանդիպմանը, ապա այդ հանդիպումը չի կազմակերպի, որովհետեւ սպասումները իսկապես բավականին բարձ էին Կազանի հանդիպումից առաջ, եւ հանդիպում պարզապես հանդիպման համար մեծ ճոխություն կլինի Ռուսաստանի նման միջնորդի համար», - ասել էր Կարապետյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից` մինչեւ իրավիճակը չքննարկի նախագահի հետ:

Կիրո Մանոյանի կարծիքով` թե' Ադրբեջանի, եւ թե' Հայաստանի նախագահները բացասական են արձագանքել Մեդվեդեւի ուղերձին, որի բովանդակությունը Մանոյանը դժվարանում է կռահել:

Անդրադառնալով Ղարաբաղյան գործընթացի ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա` Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը ասաց, թե այստեղ հայաստանյան իշխանությունները դիվանագիտական ձախողում ունեն:

«Ե'վ Միացյալ Նահանգները, ե'ւ Եվրամիությունը արդեն սկսել են խոսել այն մասին, որ Ղարաբաղի հարցի կարգավորումով է, որ պիտի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հաստատվեն: Մինչ այդ ասում էին, որ իրարից անկախ, անջատ հարցեր են», - ընդգծեց Մանոյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG