Մատչելիության հղումներ

logo-print

Կարեն Անդրեասյանը «ոչ իրավաչափ է» որակում ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի` Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործողությունները մայրաքաղաքի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման ժամանակ իրավաչափ չէին, իսկ գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Այս գնահատականն առկա է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հայտարարության մեջ, որն այսօր տարածել է օմբուդսմենի գրասենյակը:

Հիշեցնենք` մոտ մեկ շաբաթ առաջ պարզ դարձավ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ապամոնտաժվելու են մայրաքաղաքում գործող անօրինական եւ չգործող, ինչպես նաեւ ժամկետանց պայմանագրերով գործող եւ քաղաքաշինական չափորոշիչների չհամապատասխանող կրպակները:

Օգոստոսի 10-ին սկսվեց Փափազյան փողոցի վրա գտնվող կրպակների ապամոնտաժումը, ինչի մասին նախազգուշացումը, ինչպես նշում էին կրպակատերերը, իրենք ստացել էին ընդամենը երեք օր առաջ:

Հիշեցնենք, որ ուրբաթ` օգոստոսի 12-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կրպակների ապամոտաժման հանձնարարությունը տվել է բանավոր: Մասնավորապես, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք նաեւ, որ այդ կապակցությամբ Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանաին փոխանցել էր, որ եթե մայրաքաղաքում կրպակները ապամոնտաժվել են քաղաքապետի բանավոր հանձնարարությամբ, դա «օրենքի կոպիտ խախտում է, որի հետեւանքով ոտնահարվել է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքը»:

«Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով եւ գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝ փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել: Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ», - ասված է Կարեն Անդրեասյանի հայտարարությունում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, առաջարկեց հարցի լուծման հետեւյալ տարբերակը. - «Նրանք, ովքեր ունեին օրինական հիմքեր, նրանց կրպակները, որոնք դեռեւս չեն ապամոնտաժվել, պետք է պահպանվեն: Իսկ եթե ապամոնտաժվելու են, ապա` միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այսինքն` քաղաքապետարանի եւ անհատի, ում պատկանում է այդ կրպակը: Այն դեպքերում, երբ օրինական են եւ ապամոնտաժվել են, [կրպակները] պետք է վերականգնվեն կամ այդ մարդիկ պետք է ստանան համարժեք փոխհատուցում»:

«Իսկ ինչ վերաբերում է անօրինական կրպակներին», - շարունակեց օմբուդսմենը, - «եթե քաղաքապետարանի որոշումը կլինի դրանք ապամոնտաժել, ապա իմ ցանկությունն է, խնդրանքը, առաջարկը, որպեսզի մտածվի նաեւ մարդկանց սոցիալական խնդիրների մասին»:

Օմբուդսմենն իր հայտատարությամբ նաեւ դիմել է Երեւանի քաղաքապետարանին. - «Առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե' հարուստներինը եւ թե' անապահովներինը: Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա եւ գոհացնում են հատկապես միջին եւ բարձր կենսամակարդակ ունեցող անձանց»:

«Ազատություն» ռադիոկայանի փորձեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության հետ կապված մեկնաբանություններ ստանալ Երեւանի քաղաքապետարանից եւ Ոստիկանությունից:

Քաղաքապետարանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց հետեւյալը. - «Ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության շտաբում ուսումնասիրություններ են կատարվում նշված հանգամանքները պարզելու համար»:
Կրպակատերերը ստորագրում են նախագահին հասցեագրած բողոք-դիմոմը:


Միաժամանակ, այսօր առավոտյան Հայաստանի նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ կրպակատերեր, ովքեր բողոքում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանի «ապօրինի ու անխիղճ գործողություններից»:

Բողոքավորների պատվիրակությանը ընդունեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ում փոխանցվել է նաեւ կրպակատերերի դիմում-նամակը ուղղված Հայաստանի նախագահին` օգնության խնդրանքով:

Պատվիրակության անդամներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե հանդիպման ժամանակ Հովսեփյանն ասել է, թե անձամբ ինքը համակարծիք է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, որ քաղաքը պետք է բարեկարգվի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG