Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը կալանավորված ակտիվիստների կարգավիճակի փոփոխություն չի ակնկալում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ի կալանավորված ակտիվիստների կարգավիճակի փոփոխություն չի ակնկալում:

«Հոռացումը այնպիսին է, որ իրենց թվում է, թե այնպիսի երկրում են ապրում, որ արդեն բանը բանից անցել է… որեւէ բան էլ չի լինի եւ չեմ էլ կարծում, որ դրանով մեր պետության քաղաքական գործընթացները կխոտորվեն կամ կխառնվեն», - երեքշաբթի օրը արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի այն հայտարարությանը, թե անցած շաբաթ ձերբակալված ակտիվիստների կարգավիճակից է կախված ՀԱԿ – իշխանություն երկխոսության շարունակվելու հարցը` «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

«Շատ լավ կլինի, որ քաղաքական ուժերը երկխոսության ճանապարհով գնան, առավել եւս` հենց երկխոսությունը նրա համար է, որ եթե որեւէ այդպիսի կոշտացած հարց կա, կարելի է քննարկել հենց այն հարցը, ինչը իրենց համար պարզաբանման կարիք ունի», - նաեւ ասաց իշխող կուսակցության փոխնախագահը:

Ըստ Գալուստ Սահակյանի, ՀԱԿ-ի հայտարարությունը իրենց համար անսպասելի չէր. - «Այս ամբողջ ընթացքում Կոնգրեսի կողմից նման ինտրիգներ սպասելի էր: Կարծում եմ [երկխոսության] դադարեցման պրոցեսը ավելի շատ կապված կլինի իրենց ներկայացրած փաստաթղթի հակափաստարկների առումով, մեր խումբը այդ փաստարկները արդեն իսկ պատրաստել է եւ, կարծում եմ, կհրապարակի նաեւ հասարակության համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե երկխոսության շարունակումը ՀԱԿ-ի ակտիվիստների կարգավիճակով պայմանավորելը Կոնգրեսի կողմից իրականացված «ինտրիգ» է` իշխանության հետ երկխոսելու նպատակով ՀԱԿ-ի ձեւավորած պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը, մասնավորապես, ասաց. - «Ինտրիգի հետ որեւէ կապ չունի. պարզապես մեզ իսկապես անհանգստացնում է իշխանության նման պահվածքը եւ այն, ինչ որ տեղի է ունեցել մեր ակտիվիստների հետ, մեզ համար անընդունելի է: Իշխանությունը իսկապես պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսությունը շարունակել»:

ՀԱԿ-ի պատվիրակության անդամը ընդգծեց, որ իրենց համար հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ընդդիմադիրներից երեքը կալանավորված են:

«Կալանավորումը չի համապատասխանում իրենց գործողություններին: Իրենք կարող են անել այն, ինչ կատարվեց մյուս չորսի նկատմամբ` այսինքն քննչական գործողությունները շարունակել եւ դատարանով հետագայում, եթե իսկապես մեղավոր են այդ մարդիկ, արժանանան պատժի, եթե ոչ` ոչ», - ասաց Վահագն Խաչատրյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` նա նաեւ չբացառեց, որ եթե իշխանությունը ինչ-որ բան խոստանա ապագայի համար, այսօրվա երկխոսությունը, այնուամենայնիվ, կկայանա:

«Ոչինչ չի բացառվում, բայց մեզ համար կարեւոր խնդիր է, որ երկխոսության ժամանակ չլինեն մարդիկ, որոնք անմեղ տեղը ձերբակալվեն, կալանավորվեն եւ հետագայում պատժվեն: Եթե հիշում եք` երեք տարի անընդհատ այդ խոսակցությունն էր գնում, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության դեպքում չի կարելի երկխոսել իշխանության հետ», - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG