Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը մինչեւ վերջ կպայքարի պատերազմը կանխելու համար»


Լեռնային Ղարաբաղ -- Զինված ուժերի շքերթ Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղ -- Զինված ուժերի շքերթ Ստեփանակերտում

«Դեյ Ազ» գործակալությանը տված հարցազրույցում ռուսաստանցի վերլուծաբան Ալեքսեյ Վլասովն ասել է, որ խաղաղ կարգավորումը տակավին ուժի մեջ է։

Ետխորհրդային տարածքի հետազոտության կենտրոնի աշխատակից Ալեքսեյ Վլասովի կարծիքով, պատերազմի հավանականությունն անցած կես տարում աճել է, սակայն չի դարձել է գերակայող մնացած սցենարների համեմատությամբ։

«Վերջիվերջո, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը եւ ոչ էլ Փարիզը շահագրգռված չեն, որ հակամարտությունը թեւակոխի «տաք» փուլ։ Ռուսաստանը մինչեւ վերջ կպայքարի պատերազմը կանխելու համար»,- ասել է Վլասովը։

Վերլուծաբանի փոխանցմամբ, այստեղ կա մեկ ուրիշ հարց. ո՞ր տեսակի պատերազմի մասին է խոսքը, դասակա՞ն։ Նրա կարծիքով, եթե նույնիսկ տեղի ունենա ընդհարում, ապա դա չի լինի ուժասպառությանն ուղղված պատերազմ։

Այն կլինի կարճատեւ, ինչպես 2008 թվականի օգոստոսին էր, կանցնի 3-4 օր, եւ այդ իրավիճակում հաղթանակողը միջազգային համայնքին կառաջարկի վավերացնել իր հաջողությունը։

«Կարծում եմ, վատթարագույն սցենարի պարագայում, որը ես պատերազմի վերսկսումն եմ համարում, դեպքերն այդպես կզարգանան»,- ասել է Ալեքսեյ Վլասովը։

Նա նշել է, որ խաղաղ կարգավորման տարբերակը տակավին ուժի մեջ է, եւ դա ռուսական դիվանագիտության առաջնահերթությունն է։

Հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերությունների վիճակը` Ռուսաստանը շատ է ցանկանում ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտությունը, քանի որ դա Ռուսաստանին կընձեռի տարածաշրջանում իր ռազմավարական շահերը առաջ տանելու հնարավորություն։

Ալեքսեյ Վլասովի համոզմամբ, առաջիկա 3-4 ամսում բանակցային գործընթացում առանձնապես ակտիվություն չի լինի, սակայն հավերժ ձգձգել նույնպես չի կարելի, որովհետեւ այդ դեպքում մեծանում է ռազմական ընդհարման հավանականությունը։

«Հարկ է կողմերի վրա համերաշխաբար ճնշում գործադրել, հասկանալ, թե ո՞րն է ճանապարհային քարտեզը, ինչի՞ն ենք դրդում Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ի՞նչ զիջումներ նրանք պետք է անեն։ Եթե ոչ փորձագետները, եւ ոչ էլ քաղաքական գործիչների մեծ մասը դա չեն պատկերացնում, ուրեմն, «ճանապարհային քարտեզը», որի մասին այդքան խոսել են Կազանի հանդիպման նախօրեին, հավանաբար, դեռ համաձայնեցված չէ»,- ասել է Վլասովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ լավատես է եւ համոզված է, որ Ռուսաստանը չի հրաժարվի գլխավոր միջնորդի դերից։

«Խաղաղության հասնելու ժամկետի մասին դժվար է խոսել, հիմա ամենակարեւորն է կողմերին համոզել` զերծ մնալ հարցն ուժային եղանակով լուծելու ցանկությունից»,- ասել է Ետխորհրդային տարածքի հետազոտության կենտրոնի աշխատակից Ալեքսեյ Վլասովը։


please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG