Մատչելիության հղումներ

logo-print

Քեմալականությունը տեղը զիջում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գաղափարախոսությանը։

Բանակը պարտվել է «Արդարություն եւ զարգացում»-ին

Washington Post հանդեսում հրապարակվել է թուրք վերլուծաբան, Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության հետազոտական կենտրոնի ավագ աշխատակից Սոներ Ջաղափթայի հոդվածը, որը նվիրված է արդիական Թուրքիայի հիմնախնդիրներին։

Ըստ հեղինակի, Քեմալ Աթաթուրքը Օսմանյան կայսրության ավերակների վրա կառուցել է աշխարհիկ հանրապետություն եւ իր հայրենակիցներին մշտապես հորդորել է իրենց համարել Արեւմտյան արժեքների կրողներ։

Արեւմուտքի հետ Թուրքիայի «սիրախաղին» վերջ տալու համար պահանջվել է մի ամբողջ դար եւ դեմոկրատական հեղափոխություն, որն իրականացրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերում միավորված պահպանողականների, բարեփոխական-մահմեդականների եւ ավանդական մահմեդականների դաշինքը։

Թուրքիայի զինված ուժերի բարձագույն ղեկավարների հուլիսյան զանգվածային հրաժարականներով վերջնականապես արձանագրվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ մեկ տասնամյակ տեւած պայքարում քեմալականության գաղափարների երդվյալ ջատագովի` բանակի կրած պարտությունը։

Էրդողանը` մեր օրերի Աթաթուրք

Վերլուծաբան Սոներ Ջաղափթայի կարծիքով, քեմալականության այս վախճանը թույլ է տալիս եզրակացնել, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դարձել է Թուրքիայի նոր Աթաթուրքը։

Նա հանրության համար այսօր, իհարկե, Թուրքիայի ազատարարը չէ, սակայն նա ունի նույնքան լծակներ եւ ազդեցություն, որքան վաստակել էր հանրապետությունը հիմնադրած Մուսթաֆա Քեմալը։ Այս ավարտն անխուսափելի էր, եւ քեմալականներն ամեն ինչ արել են դրա համար։

1950-ականներին Թուրքիան բազմակուսակցական համակարգ է որդեգրել, այն ժամանակաշրջանից էլ կուսակցությունները տասնամյակներ շարունակ կատարել են Աթաթուրքի քաղաքական ժառանգությունը պահպանելու խնդիրը, իսկ բանակի առաքելությունն է եղել` պահպանել այդ համակարգը։

Աշխարհիկ պետության հիմնադրման առաջին փուլում քեմալականությունը առաջադեմ ուժ էր, բայց հետագայում վերաճել է անցյալը պաշտպանող գաղափարախոսության, սկսվել է լճացումը։


Անցած մի քանի տասնամյակներում ծնվածների համար քեմալականությունը դարձել էր սոսկ առաջնորդի արձանների զանգվածային արտադրության ժամանակաշրջան. Աթաթուրքի արձանները տեղադրված են, թերեւս, բոլոր քաղաքներում եւ ավաններում։

Հատկապես դա թափ է առել 1980 թվականի քաոսին վերջ տալու համար զինվորականների իրականացրած հեղաշրջումից հետո, երբ ուժի մեջ է մտել բանակի հեղինակած խիստ սահմանափակումներով Սահմանադրությունը։

Աթաթուրքին դարձնելով կուռք` գեներալները արագացրել են քեմալականության վախճանը։ Այն չէր կարող կանխել նույնիս 1982 թվականին դեմոկրատական կարգի վերականգնումը։

Իշխող` հիմնականում աջակենտրոն կուսակցությունները չկարողացան առաջարկել նոր գաղափարներ։ Մահմեդական կուսակցություններն էլ զգացին, որ եկել է իրենց պահը։

«Արդարություն եւ զարգացում»-ի աստեղային ժամը

Տնտեսական ծանր ճգնաժամից հետո իշխանության գլուխ անցած «Արդարություն եւ զարգացումը» ժողովրդականություն ձեռք բերեց, առաջարկելով փոփոխություններ եւ ապահովելով տնտեսական կայունություն։

Կուսակցությունը աստիճանաբար իր ազդեցությունն է ապահովել մամուլում, քաղաքացիական հասարակության, գործարարների եւ գիտնականների շրջանակներում, իսկ սահմանադրության բարեփոխումների հաստատումից հետո էլ` դատական համակարգում։

Բանակն էր քեմալականության վերջին պատվարը, սակայն այն էապես թուլացել է, երբ հայտնի է դարձել «Էրգենեկոնի» գործը, որի համաձայն, զինվորականները` իրավիճակն ապակայունացնելու միջոցով իշխանության գալու համար գրոհներ եւ սպանություններ են ծրագրել։

1996 թվականին Թուրքիայում հարցվածների 94 տոկոսն է վստահել բանակին, իսկ 2011-ին այդ թիվը 76 տոկոսի էլ չի հասել։

Հիմա քեմալականության փոխարեն գերիշխողը կարող է դառնալ սոցիալական պահպանողականության եւ մահմեդական ինքնության վրա խարսխված «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գաղափարախոսությունը։ Հիմա այդ կուսակցության աստեղային ժամն է։

Չափավոր մահմեդականների դիրքերի ամրապնդման նշաններն արդեն հասարակական վայրերում էլ են նկատելի. հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Էրդողանի կուսակցությունն է հաղթել, Ստամբուլի կենտրոնում մի գիշերվա ընթացքում անհետացել են ալկոհոլ վաճառող տաղավարները, խմիչքի օգտագործումը այժմ դիտվում է որպես մեղք։

«Էրդողանական» Թուրքիայում հանրային բարոյականության եւ կրոնական արժեքների միջեւ ընկած սահմանը կսկսի աստիճանաբար լղոզվել, իշխող ուժի մեծ ժողովրդականությունն անհնարին կդարձնի ընդդիմության գործունեությունը։

Մահմեդական ինքնությամբ միանգամայն բավարարված Թուրքիան` հատկապես 2001-ի սեպտեմբեր 11-ից հետո «մահմեդական աշխարհ» հասկացությանը տրված լրացուցիչ բացասական իմաստի համապատկերում` արտաքաին քաղաքականության ասպարեզում կդադարի իրեն նույնացնել Արեւմուտքի հետ։

Արեւմուտքի հետ հարաբերությունների թուլացո՞ւմ

Սա կնշանակի առավել լարված հարաբերություններ Թուրքիայի եւ Արեւմտյան հաստատությունների խորհրդանիշ ՆԱՏՕ-ի միջեւ։ Սա նշանակում է նաեւ, որ Թուրքիան «սիրախաղեր» կսկսի ոչ արեւմտյան կենտրոնների հետ, ինչի վկայությունն են ռուսական արտադրության զենք գնելու կամ Չինաստանի հետ Միջերկրական ծովում զորավաժություններ անցկացնելու ծրագրերը։

Քեմալականության գաղափարախոսությունը մոտ մեկ դար գերիշխել է Թուրքիայում, հիմա Էրդողանի հերթն է։ Նա ունի տեսլական եւ նրա ձեռքում են իշխանության բոլոր լծակները։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով նա ի զորու կլինի Թուրքիան բարեփոխել` համապատասխան իր պահպանողական հայեցակարգի։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG