Մատչելիության հղումներ

Հայաստանում տպագրվող կանանց ամսագիրը գտել է իր սպառողին


Մարտից Հայաստանում լույս է տեսնում Hearst Magazines ընկերության Cosmopolitan ամսագիրը, որը միջազգային ապրանքանիշ է եւ հրատարակվում է աշխարհի 63 երկրներում 36 լեզուներով:

«Եթե նյութերի հարցում շատ խիստ է հսկողությունը Hearst International Magazines-ի կողմից, ապա շապիկի առումով շատ ավելի, ավելի խիստ: Ամեն ինչ մենք ենք որոշում` շապիկի գույնը, լոգոյի գույնը, թե ով պիտի լինի շապիկին, բայց շատ խիստ կանոններ կան, որոնց պիտի հետեւենք», - ասում է ամսագրի Art տնօրեն Աննա Մալխասյանը:

Ճիշտ է` ամեն երկրում ստեղծվում է տեղական Կոսմոպոլիտան կամ Կոսմո, ինչպես ողջ աշխարհում կրճատ անվանում են ամսագիրը, որը պարունակում է թե՛ թարգմանված հոդվածներ Կոսմոպոլիտանի ընդհանուր բազայից, թե՛ տեղական արտադրանք, բայց ամսագիրը, ինչպես մյուս միջազգային ապրանքանիշերը, ունի արտադրության խիստ կանոններ. Կոսմոյի արտաքին տեսքն ու բովանդակությունը միջազգային չափանիշից շեղվել չի կարող, ինչպես օրինակ Հայաստանում արտադրվող Կոկա-կոլայի տեսքն ու համը:

«Սեքսը մեզ մոտ must have (խորագիր) է, անպայման պիտի լինի շապիկի վերեւի ձախ անկյունում, համարվում է ամենակարեւոր վերնագիրը: Անպայման որեւէ տեղ պետք է լինի գեղեցկությանը վերաբերող մի խորագիր», - ամսագրի երկու կանոններն է ներկայացնում գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը:

Ավելի քան մեկ դար շուկայում, իսկ 60-ականներից արդեն որպես կանանց ամսագիր Կոսմոպոլիտանը արծարծում է կանանց գեղեցկությանն ու առողջությանը, սեռական հարաբերություններին, նորաձեւությանը, աշխատանքին ու կարիերային վերաբերող թեմաներ: Ամսագիրը չի խոսում աստղերի կյանքից ու նրանց խնջույքներից, ընդհակառակը, ընթերցողի հետ զրուցում հենց նրա կյանքից, ժամանցից ու խնդիրներից:

Հայկական Կոսմոն եւ cosmo.am վեբ կայքը ստեղծվում է մոտ 35 հոգուց բաղկացած թիմի կողմից: Ամեն ամիս լույս է տեսնում 160-200 էջանոց ամսագիր, որի արծարծած թեմատիկ սահմանափակ` երիտասարդ կանանց ու աղջիկներին հետաքրքրող շրջանակը, Հրաչուհի Ութմազյանը համարում է անսպառ. - «Ինչ հագուստ կրել, ինչպես շպարվել, ինչպես վարվել սիրելի տղամարդու հետ, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը, ինչպես լուծել այս կամ այն խնդիրը կարիերայում, ինչ ֆիլմ դիտել, ինչ երաժշտություն լսել, սեքս, որը մեզ համար շատ վախենալու թեմա էր, որովհետեւ սկսել այս թեմայով խոսել Հայաստանում ու այդքան բաց, ճիշտ այնպես ինչպես Կոսմոն խոսում է ողջ աշխարհում, հեշտ գործ չէր»:

Չնայած խմբագրական կազմի նախնական անհանգստությանը, որ հայաստանյան համեմատաբար ավանդապահ հասարկությունը կարող է չընդունել ամսագիրը` Հրաչուհին հավաստիացնում է, որ Կոսմոն հեշտությամբ գտել է իր տեղը հայկական շուկայում ու ամեն ամիս լույս է տեսնում ու սպառվում 5000 տպաքանակով:

Կոսմոյի ընթերցողների արձագանքներին լավ ծանոթ է հայերեն կայքի` cosmo.am-ի խմբագիր Շուշան Հարությունյանը, քանի որ վիրտուալ համայնքը ավելի ակտիվ է ու կայքում տեղադրված ցանկացած հոդվածի տակ կարող է թողնել իր գրառումը:

«Ինձ իրավունք չեմ վերապահի` ասելու, որ Կոսմոն փոխում է հասարակությունը, դա այդպես չէ, բայց որ փոփոխություն կա, դա էլ ակնհայտ է, գոնե այն մարդկանց շրջանում, ովքեր միացել են Կոսմոյի վիրտուալ համայնքին», - «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Շուշանը:

Հայաստանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ Կոսմոպոլիտանի ընթերցողները 18-35 տարեկան կանայք են, ամսագիրը կարդում են նաեւ տղամարդիկ, երբեմն անգամ արձագանքում են տարբեր հոդվածների:

please wait
Embed

No media source currently available

0:00 0:06:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG