Մատչելիության հղումներ

Նիկոյանը ոչ բոլոր նյութերն է հանձնել ՀՔԾ-ին


Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ):
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ):

Ազգային ժողովի փոխնախագահ, նախկինում Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) ոչ բոլոր լուսանկարներն է հանձնել Հատուկ քննչական ծառայությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ ՀՔԾ-ին չի տրամադրել այն լուսանկարը, որը ժամանակին իրեն էին փոխանցել Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը, Նիկոյանը պատասխանեց. - «Այդ լուսանկարները բազմաթիվ անգամ թերթերում, մամուլում, բոլոր տեղերում եղել են: Եվ այդ լուսանկարը բոլորը տեսել են եւ տիրապետում են»:

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների պնդմամբ` իրենց փոխանցած լուսանկարը վկայում է, որ 2008 թվականի մարտի 1-ին նախքան արտակարգ դրություն հայտարարելը` 16-ն անց 37-ին Երեւանի կենտրոնում զինված խմբավորում է եղել բանակային համազգեստով:

Հարցին, թե պատրաստվում է հիմա այդ լուսանկարն ուղարկել ՀՔԾ, Նիկոյանը արձագանքեց. - «Այնպիսի լուսանկար, որը Հատուկ քննչական ծառայությունը չի տեսել, ես նման լուսանկար չունեմ: Բոլոր լուսանկարները Հատուկ քննչականը եւ ամբողջ հանրությունը, բոլորն էլ գիտեն: Եթե որեւիցե մեկը փորձի ասել, որ այնտեղ կա լուսանկարը, որը էական փոփոխություններ մտցնում է, կարող ենք արխիվը նրանց պահանջով բացել, բոլորը ուսումնասիրել»:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, հիշեցնենք, վերջին ասուլիսում հայտարարել էր, թե իրենց չի տրամադրվել այդ լուսանկարը:

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտահայտեց իր տարակուսանքը. - «Այդ փաստը նա [Նիկոյանը] պարտավոր էր ոչ թե արխիվացնել, այլ ուղարկել նախաքննական մարմնին: Արխիվացում` նշանակում է կոծկել կոնկրետ փաստ: Եվ պարոն Նիկոյանը պարտավոր է գոնե հիմա այդ արխիվացված նյութերից հանել մեր նամակը` համապատասխան նյութի հետ միասին եւ ուղարկել պարոն Վահագն Հարությունյանին»:

Քանի որ Սամվել Նիկոյանը նախաքննական մարմնին է առաջարկում արխիվից ստանալ լուսանկարը, ապա «Ազատություն» ռադիոկայանը դիմեց Վահագն Հարությունյանին, թե` պատրաստվո՞ւմ են դիմել Նիկոյանին: Քննչական խմբի ղեկավարը պատասխանը կարճ էր. - «Ինչո՞ւ պիտի դիմեմ»:

Ապրիլի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական էր տվել` ակնկալելով նոր թափ Մարտի 1-ի բացահայտման գործում: Հաջորդ օրը Վահագն Հարությունյանն ասել էր, թե գործի քննությունն ամբողջությամբ կվերանայվի:

Անցյալ շաբաթ հրավիրած ասուլիսում Հարությունյանը խոսել էր այն մասին, թե ինչ հիմնավորմամբ էր 2008 թվականի մարտի 1-ին ավտոմեքենաներ եւ զինված բանակայիններ տրամադրվել ոստիկանությանը. - «Առավոտյան ոստիկանապետի խնդրանքով Պաշտպանության նախարարության բազմաթիվ տրանսպորտային միջոցներ` իրենց վարորդներով, տրամադրվել են ոստիկանությանը: Բոլոր ավտոմեքենաները վարել են զինվորականներ, նաեւ, այո, զինված են եղել»:

Բանավոր խնդրանքով ոստիկանությանը բանակային մեքենաներ, զենք ու հագուստ եւ զինծառայողներ տրամադրելը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ապօրինի է. - «Այդ տրանսպորտային միջոցները ուղեկցող անձնակազմը զինված է եղել ավտոմատներով: Թող բարի լինի այդ ավտոմատները նույնպես ուղարկի փորձաքննության»:

Քննչական խմբի ղեկավարը, հիշեցնենք, հայտարարել էր, թե մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում բանակը ընդհանրապես որեւէ շփում քաղաքացիների հետ չի ունեցել, ուստի փորձաքննության չեն ենթարկվել բանակի զենքերը:

Անդրանիկ Քոչարյանը կասկածից վեր է համարում, որ, ի վերջո, կպարզվեն 2008 թվականի մարտի 1-ին բանակի մասնակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե կարծում է արդյոք, որ կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննչական խումբը աշխատի, Փաստահավաք խմբի նախկին անդամը պատասխանեց. - «Այդ ուժերը այսօր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք ձեւավորվել են մարտի 1-ի արդյունքում` նախագահականից սկսած, կառավարությունով, Ազգային ժողովով վերջացրած, օլիգարխիայով»:

Անցյալ շաբաթ իշխանության ներկայացրած 87 էջանոց փաստաթղթում ներառել էր հետեւյալ ձեւակերպումը. - «Որեւէ իշխանություն դադարում է լեգիտիմ լինել, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: Արյան, ոճրագործության, բռնության վրա հիմնված իշխանությունը անմիջապես օտարվում է սեփական ժողովրդից: Մարտիմեկյան սպանդը այս ամենի դասական օրինակն է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG