Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից արտագաղթ չկա:

«Կիսամյակի կտրվածքով եկողների թիվը 517 մարդ է կազմել, մեկնողներինը` 353 մարդ: Ինչպես եւ նախորդ տարիներին, մեծ տեսակարար կշիռ ունի Հայաստանի Հանրապետությունը. եկողների 92 եւ մեկնողների 96.6 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետությանը», - տվյալներ ներկայացրեց Մինասյանը:

Հայաստանից արտագաղթի պատճառների թվում հիշատակվում են սոցիալական պայմաններն ու աշխատանքի բացակայությունը, իսկ Լեռնային Ղարաբաղում, ըստ վիճակագրական ցուցանիշների, տնտեսությունը կայուն զարգացում է ապրում, ինչի մասին խոսել էր նաեւ վերջերս Ղարաբաղ այցելած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ընթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի համախառն ներքին արդյունքն աճել է մոտ 6 տոկոսով, ինչի վրա դրական ազդեցություն են ունեցել ե'ւ ապրանքների արտադրության, ե'ւ ծառայությունների ոլորտները:

Այս տարի Լեռնային Ղարաբաղում արտադրված արտադրանքի մեծ մասը իրացվել է ԱՊՀ երկրներում:

Շինարարական աշխատանքները իրականացվում են հիմնականում պետական միջոցներով: Ըստ վիճակագրության` իրականացվող շինարարության մեծ մասը բնակարանաշինություն է եւ կրթության ոլորտին վերաբերող շինություններ:

Զգալի դրական տեղաշարժ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում` մոտ 13 տոկոս աճ: Ղարաբաղում աճեցվում են հիմնականում հացահատիկային կուլտուրաների եւ ընդեղեն: Եթե խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է, ապա 40 տոկոսով նվազել է խոզերինը:

Մանուշ Մինասյանի ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղում գործազրկության մակարդակը կազմում է 5.6 տոկոս. - «Զբաղվածների ընդհանուր թվաքանակում շարունակում է բարձր տեսակարար կշիռ ունենալ կառավարում եւ պաշտպանություն` 20.2 տոկոս, կրթություն` 19.1 տոկոս, արդյունաբերություն` 11.5 տոկոս»:

Բնակչության դրամական եկամուտները, Մինասյանի խոսքով, աճել են մոտ 13 տոկոսով, թեեւ ավելի բարձր տեմպերով են աճել բնակչության ծախսերը. - «Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97. 3 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.6 տոկոսով: Ըստ որում` բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում աճը ավելի բարձր տեմպերով է` 7.6 տոկոս, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը ավելի բարձր ցուցանիշ է` 107.5 հազար դրամ, քան մասնավոր հատվածում: Իրական աշխատավարձը, այսինքն` հաշվի առնելով սպառողական գների ինդեքսի փոփոխությունը, կազմել է 88.8 հազար դրամ, աճը` 5.6 տոկոս»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG