Մատչելիության հղումներ

Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը «ապօրինի» է որակում ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի աշխատակիցների գործողությունները Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ:

Այս մասին խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 12-ի արտահերթ նիստում: Որոշումը վերաբերում է օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպից հետո ՀԱԿ յոթ երիտասարդ ակտիվիստներին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու եւ ձերբակալելու ընթացքում տեղի ունեցածին: Երիտասարդներին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո փաստաբաններ Վահե Հովսեփյանի ու Ստեփան Ոսկանյանի նկատմամբ կիրառվել են անօրինական գործողություններ` խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունները, նրանց նկատմամբ բռնություն կիրառելուց զատ` ոստիկանության աշխատակիցները փաստաբաններին որոշ ժամանակով զրկել են ազատությունից:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր այն մասին, որ ոստիկանները ոչ միայն արգելում էին իրենց աշխատել, այլեւս որոշ ժամանակով փակել էին սենյակում ու անգամ արգելում էին դուրս գալ ոստիկանության շենքից: Ոստիկանները Ոսկանյանից խլել են նրա բջջային հեռախոսը:

«Մեզ չթողեցին դուրս գալ, ասացին` ինչ-որ տեղ գործողություններ են կատարում, անձ են տանում-բերում, բայց տեսանք, որ տղաներից մեկին տարան, երեւի դուրս տարան ու դրանից հետո մենք ոչ մի բան չենք տեսել, որովհետեւ սենյակում փակված ենք եղել: Հետո փորձել ենք դուրս գալ` ասելով, որ խմելու ջուր ենք ուզում, մեզ ասացին, որ ոչ մի բան չի թույլատրվում տալ, վերցնել: Մենք ասացինք` այդ դեպքում ուզում ենք դուրս գալ, մեզ ասացին, որ նույնիսկ չենք թողնում շենքից դուրս գալ: Ու այդպես սպասել ենք… հետո պարզեցինք, որ տղաներին փաստորեն հանել ենք շենքից ու մենք արդեն դուրս եկանք», - պատմել էր Ոսկանյանը:

Փաստաբան Վահե Հովսեփյանն էլ նշում է, որ ոստիկաններն անում էին հնարավորը, որպեսզի երիտասարդները չստանան փաստաբանական օգնություն: Հովսեփյանն ասում է, թե իրենց քաշքշելուց հետո անգամ շենքի էլեկտրականությունը մի պահ անջատեցին:

«Երբ արդեն միացրեցին (դա մի քանի վայրկյան տեւեց), արդեն տղաներին դուրս էին բերում», - ասում էր Հովսեփյանը:

Մինչ փաստաբանները պնդում են, թե ինչպես իրենք, այնպես էլ իրենց պաշտպանյալները ոստիկանությունում ենթարկվել են ճնշումների, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե փաստաբանները ազատ ելումուտք են ունեցել շենք բերման ենթարկելու հենց առաջին պահից:

«Փաստաբանները ազատ ելումուտ են ունեցել: Փաստաբանը դատավարության այն պահից է հայտնվում, երբ քննիչը սկսում է ցուցմունք վերցնել եւ քրեական գործ է հարուցվում: Երբ անձին բերման են ենթարկում բաժին, երբ ընդամենը պետք է պարզեն անձի ինքնությունը, փաստաբանի ներկայությունը այդքան պարտադիր չէ` ասեմ ձեզ: Բայց այս դեպքում նույնիսկ հրահանգ եմ տվել, որ ցանկացած փաստաբան մոտեցավ շենքին, ներս թողեք», - ասել էր ոստիկանապետը:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կատարվածի պատճառները իրենք դեռեւս քաղաքականության մեջ չեն փնտրում, գնահատականներ կտան ավելի ուշ:

Առուստամյանի խոսքով` փաստաբանները հաճախ են ենթարկվում անհարգալից, անօրինական վերաբերմունքի ինչպես ոստիկանական բաժանմունքներում, այնպես էլ դատարաններում: Հիմնական պատճառը, նրա կարծիքով, ոստիկանության աշխատակիցների իրավագիտակցության պակասն է:

«Իմ պրակտիկայում ես հանդիպել եմ դեպքերի, երբ դրանք քաղաքական չեն եղել, սակայն ինձ եւս արգելվել է մուտք գործել [ոստիկանական բաժանմունք] բերման ենթարկված անձի հետ տեսակցելու համար», - ասաց Առուստամյանը:

Մինչդեռ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու ժամանակ եւս շտապել էր ոստիկանական բաժանմունք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց իրավագիտակցության հետ կապած խնդիրները: Ըստ նրա` իրական պատճառները քաղաքական են: Դանիելյանը եւս վկայեց ինչպես երիտասարդների, այնպես էլ փաստաբանների նկատմամբ ոստիկանների ցուցաբերած անօրինական գործողությունների մասին:

«Ինչքան էլ անգրագետ լինեն, նրանք լավ գիտեն` ինչ է փաստաբանը, ինչ է իրենից ներկայացնում: Այս դեպքի պարագայում իրոք քաղաքական դրդապատճառ կար, եւ քաղաքական նկատառումներով փորձում էին ամեն ինչ անել, որ խոչընդոտեին նորմալ պաշտպանության կազմակերպմանը», - ասաց Դանիելյանը:

Փաստաբանների պալատը կատարված վերաբերյալ նաեւ հաղորդում է ներկայացել գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG