Մատչելիության հղումներ

Փորձագետ. «ՀԱՊԿ-ը ուզում է վերածվել ժանդարմի»


ԱՊՀ երկրների ղեկավարները ՀԱԿՊ-ի գագաթնաժողովում: 12-ը օգոստոսի, Աստանա

ԱՊՀ երկրների ղեկավարները ՀԱԿՊ-ի գագաթնաժողովում: 12-ը օգոստոսի, Աստանա

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի հետխորհրդային տարածքում վերածվել ժանդարմի, որը կարող է ուղղվել կազմակերպության անդամ երկրներում ժողովրդական հուզումները ճնշելուն:

Նման կարծիք Մեհրաբյանը հայտնեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` անդրադառնալով օրերս մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականում տեղ գտած հրապարակմանը:

Նշենք, որ անցած ուրբաթ օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո «Կոմերսանտ»-ը գրեց, թե գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ-ը վերածել հետխորհրդային տարածքի «գունավոր հեղափոխությունների» դեմ ուղղված հզոր մի պատնեշի: Այդ նպատակով կազմակերպությունը պետք է ուժեղացնի իր դիրքերը: Բացի այդ ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կարող են օգտագործվել, եթե կազմակերպության անդամ երկրներում արաբական սցենարով զարգացումներ տեղի ունենան:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ գործունեության համար նոր ուղղություններ են ի հայտ եկել` հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: «Այդ թվում` արաբական երկրներում տեղի ունեցածը», - ընդգծել է Լուկաշենկոն:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունն ուղղված հետխորհրդային ռեժիմների կոնսերվացմանը եւ թույլ չտալուն, որ տեղի ունենա ինչ-որ ստատուս քվոնեի փոփոխություն: Այսինքն` իշխանությունները մնան որպես այդպիսին, քանի որ Ռուսաստանին ձեռնտու են հենց այսպիսի` հետխորհրդային տիպի իշխանություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը` փաստարկելով. - «Ռուսաստանն այդպես է ընկալում իր շահերը հետխորհրդային տարածքում: Ռուսաստանն այդպես է ընկալում իր անվտանգության երաշխիքները եւ այն վտանգները, որոնք իբրեւ թե կարող են գալ հետխորհրդային երկրներից` եթե այնտեղ փոփոխվեն իշխանությունները»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Աստանայի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները հուշում են, որ կազմակերպության անդամ երկրները, որոնք մինչեւ վերջերս կարծես թե չէին նկատում ՀԱՊԿ առջեւ ստանձնած իրենց պարտավորությունները, այժմ կազմակերպությունը դիտում են որպես անկայունությունը զսպող կարեւոր մի լծակ:

«Սա շատ կարեւոր է, որովհետեւ առաջին անգամն է, որ այն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ընդհանուր անվտանգության հարց են դնում: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ՀԱՊԿ-ի համար կարծես թե նոր ուղղություն է բացվում դեպի հարավ: Ոչ թե դեպի ՆԱՏՕ կամ Շանհայի համագործակցության կազմակերպություն, այլ կոնկրետ դեպի հարավ` Մերձավոր Արեւելք: Աստանայում հավաքվել էին կազմակերպության անդամ վեց երկրների ղեկավարներ, եւ այդ վեցից երեքը անձնապես շատ վախեցած են, թե ինչ պատահեց Մուբարաքի եւ Քադաֆիի հետ: Ղազախստանի նախագահը իշխանության ղեկին է մոտ 20 տարի, Տաջիկստանի ու Բելառուսի առաջնորդներն էլ նախագահական աթոռին են շուրջ 17 տարի, ուստի մերձավորարեւելյան զարգացումների հետ կապված նրանց վախի հիմքում ընկած է նրանց իսկ լեգիտիմության պակասը», - ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ արդյունավետությամբ ՀԱՊԿ-ին կհաջողվի օգտագործել իր Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը անդամ երկրներում իրավիճակի ապակայունացման դեպքում` Կիրակոսյանը նշեց. - «Այստեղ խնդիր կա, քանի որ արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին որոշումը կայացվել է 2009 թվականին, սակայն համաձայնությունը դեռեւս չի անցել վավերացման փուլը կազմակերպության անդամ բոլոր երկրներում, օրինակ` Ուզբեկստանում: Կա ծրագիր, որ ՀԱՊԿ անդամ երկրների հերթական` այս դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին ի վերջո վավերացվի այդ համաձայնությունը, եւ այդ վավերացման գործընթացն իրական փորձություն կլինի ՀԱՊԿ համար»:

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պատասխանել է. - «Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել իր գործընկերների, այդ թվում նաեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ ընթացքում անդրադարձ է եղել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG